
«Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, ապագա ուղու որոնման և սահմանման բարդ ճանապարհի վրա», ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը:
Կարասինը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: Նա նկատի ուներ հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երևան և ամերիկյան զենքի մասին հայտարարությունները: Նա Երևանին խորհուրդ էր տվել «ազատվել պատմական կաղապարներից»:
Կարասինն ասել էր, որ Բոլթոնը վիրավորանք է հասցրել՝ հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կաղապար» անվանելով: «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա միայն պատկերացնել կարելի է, թե կուլիսների հետեւում ինչպես են ոլորում ձեռքերը», ասել է նա:
Փաստորեն, Բոլթոնի հայտարարությունը, որը փաստացի ռազմա-քաղաքական աջակցություն էր Հայաստանին, Մարիա Զախարովան եւ Կարասինը համարում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին, իսկ երբ Մարիան ասում է՝ թույլ չենք տա… եւ այլն, դա միջամտությո՞ւն չէ: Հայաստա՞նը չի որոշում՝ ում հետ հարաբերություններ կառուցի:
Ավելին, ԱՄՆ-ն կոնկրետ առաջարկ է արել Հայաստանին, իսկ Ռուսաստա՞նը, որը վերջին օրերին ուղղակի շանտաժի է ենթարկում Հայաստանին գազով, զենքով ու այլ հարցերով: Վախեցել են ԱՄՆ առաջարկների՞ց, թե շարունակում են իրենց ավանդական քաղաքականությունը, որը վեր է ածվելու պարզապես թշնամանքի:
Երեկ Պուտինը Հայաստանը անվանեց ռազմավարական դաշնակից ու ամենամտերմագույն գործընկեր, ասելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ շուտով քննարկելու են հարաբերությունների հարցը: Բարեկամության ու դաշնակցության կանխավարկածից ելնելով, կարելի է օրինակ համեմատություն անել ԱՄՆ-ի հետ: Վաշինգտոնն իր ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի կապակցությամբ հայտարարում է, որ ով Իսրայելի դեմ դուրս գա՝ գործ կունենա իր հետ: Վաշինգտոնը ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Ռուսաստանը հայտարարե՞լ է երբեւէ նման բան, ճանաչե՞լ է Արցախը: Դաշնակցությունն ուրիշ ի՞նչ կերպ է լինում:
Եվ ամենակարեւորը, որ չի ասել Զախարովան, չի ասել Լավրովը եւ չի ասել Պուտինը. Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է քննարկել Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի տարածքային հետեւանքների վերացումը եւ ուղիղ ռազմական ու ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին: Առանց այս երկու պայմանի՝ հայ-ռուսական հարաբերությունը ոչ դաշնակցային կարող է լինել, ոչ էլ մտերմագույն: Ավելին, առանց դրա՝ մնացյալն ինքնաբերաբար դառնում է շանտաժ ու սպառնալիք: