
Հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է. «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ դու ինձ սիրու՞մ ես»:
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր ՌԴ ԱԳՆ արձագանքը Հայաստանի ԱԺ ընտրությանը. «Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները… դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում»:
Սա Ռուսաստանի թերեւս առաջին արձագանքն էր Հայաստանի ընտրություններին, որտեղ հղումներ են արվում պաշտոնական արդյունքներին ու օրենսդրությանը: Ոչ մի գնահատական ու զեղում: Հայաստանի նոր իրավիճակը իր ճշգրտումներն է մտցրել հայ-ռուսական հարաբերություններում, ինչն ակնհայտորեն կիսել է ռուսական իսթեբլիշմենտը: Մի կողմից, չի դադարում Հայաստանի հանդեպ բացասական ու տեղ-տեղ թշնամական քարոզչությունը, մյուս կողմից նկատելի են նոր հարաբերությունների անցնելու տանջագին փորձեր:
Զախարովայի արձագանքները հետաքրքիր են: Հայաստանում հեղափոխության օրերին Մարիան երկու զարմանահրաշ հայտարարություն արեց այդ կապակցությամբ, տեղի ունեցողը համարելով Աստծու կամքը: Աստված մեծ է եւ «պետք է գալիս» այն ժամանակ, երբ դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում եւ ինչ է պետք անել: Մոսկվան այդ վիճակում էր եւ այդ վիճակում է մինչ այժմ, եւ այդ շարքից է նաեւ Պուտինի շնորհավորանքի մասին հարցին Զախարովայի պատասխանը, թե «դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ դու ինձ սիրու՞մ ես»:
Հայաստանում տարբեր կերպ են մեկնաբանում Պուտինի պահվածքը՝ Քոչարյանի ձերբակալությունից մինչեւ եվրասիական բլոկներում Հայաստանի իշխանության քայլերը եւ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները: Սրանք անէական, հարակից շտրիխներ են, կարելի է ասել՝ այս իրավիճակում Հայաստանում ամեն մեկն իր դարդն է անում:
Նախկինում Պուտինը ընտրությունը դեռ մի կարգին չավարտված շնորհավորում էր «յուրայիններին»: Իսկ հիմա Հայաստանը ճանաչելու հեռանկարն է, ինչն էլ «մատնել» է Զախարովան Հայաստանի ընտրությանը տված արձագանքով՝ հղում անելով Հայաստանի օրենքներին ու ԿԸՀ-ին