ԱԺ-ն ընդունեց աշխատանքային օրերը տեղափոխելու մասին օրինագիծը

Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քննարկել և հաստատել էր նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում և դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը: Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում տեղափոխություն կատարել, երբ անցկացվում են կարևորագույն և մեծամասշտաբ միջոցառումներ:

Նշենք, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:

Օրինագիծն առավոտյան նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ օրվա վերջին նիստում քննարկվել և ընդունվել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: