15 տարեկանում ադրբեջանցուն նոկաուտով պարտության մատնած Արթուրն իր կռիվը հաղթեց նաև մարտի դաշտում

Կարատեիստ Արթուրը 15 տարեկանում նոկաուտով պարտության էր մատնել ադրբեջանցի մրցակցին․ տարիներ անց մարտն արդեն պատերազմի դաշտում էր։ Արթուրը հաղթեց իր կռիվը՝ շուրջ 30 օր ծանր մարտեր վարելով թշնամու դեմ։Սեպտեմբերը 19-ամյա Արթուրի պարտադիր զինվորական ծառայության 7-րդ ամիսն էր։ Ամենածանր օրերին Ջաբրաիլում վիրավորվել էր ու դեռ լիովին չապաքինված՝ վերադարձել մարտի դաշտ։
«Հորն ասել էր՝ պապ ջան, Աստված ինձ հետ է, իմ վիրավորումը ոչինչ է այս ամբողջ աղետի մեջ․․․

Ինձ ծառայության մեկնելու նախորդ օրն էր ասել՝ եթե պետք լինի, կյանքիս գնով կպաշտպանեմ հայրենիքս, թույլ չեմ տա թուրքը հասնի մեր ընտանիքներին։ Արթուրը շատ հայրենասեր էր՝ Մոնթեի գաղափարներով տարված, պայքարում էր անարդարությունների դեմ, մտահոգ էր երկրի խնդիրներով։ Կես կատակ-կես լուրջ ասում էր՝ Արցախի հարցը պատերազմով լուծվելու է, ուղղակի սպասում են իմ զորակոչմանը, որ սկսվի», -պատմեց Արթուրի ընկերը՝ Սամվել Հակոբյանը։ Արթուրը «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» լավագույն սաներից էր, կարատեի սեւ գոտի ուներ, բազմաթիվ հաղթանակներ էր տարել կովկասյան և եվրոպական մրցաշարերում։

«Արթուրը շատ ուժեղ մարզիկ էր, բայց աքիլլեսյան գարշապար ուներ՝ որովայնը, և երբ ես փորձում էի հարվածել որովայնին՝ այն կոփելու նպատակով, Արթուրը ձեռքերով ծածկում էր։Ասում էի՝ Արթուր, որովայնդ թույլ է, պետք է կոփենք, ծիծաղելով ասում էր՝ ընկեր Հովհաննես, թույլ է, բայց եթե ուզեն հարվածել, ես միշտ ձեռքերով կպահեմ»,- պատմեց Արթուրի մարզիչը՝ Հովհաննես Սարգսյանը։Արթուր Սուքիասյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի միանգամից երկու ֆակուլտետում՝ Միջազգային հարաբերությունների և Հայ բանասիրության։ Մտածում էր ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, մինչեւ անգամ նախագահ դառնալու մասին։ «Ասում էր՝ նախագահ եմ դառնալու ու մեր երկիրը վերջապես ոտքի կանգնեցնեմ։ Կասկած չկա՝ դառնալու էր ու շենացնելու էր մեր երկիրը․․․ Արթուրը շատ հասուն էր․ թեեւ ինձնից փոքր էր 7 տարով, բայց իր մտածելակերպով, աշխարհայացքով, խելքով թույլ չէր տալիս հիշել տարիքային տարբերության մասին»,- պատմեց Արթուրի ընկերներից Լալա Վարդանյանը։

Արթուրի ամենաուժեղ հատկանիշներից մեկը հումորն էր, հիշում է Լալան․ «Իմ և Արթուրի հանդիպումները միշտ արցունքներով էին ավարտվում․ ինչո՞ւ, որովհետև լացելու աստիճան չափ սուր հումորներ էր անում… Երանի Արթուրիս, որ հաղթանակած գնաց և երանի մեզ, որ ճանաչեցինք նրան։ Արթուրս չի մահացել, Արթուրս մեր սրտերում է ապրում»: Արթուրն ընտանիքի սպասված տղա զավակն էր։ Նրա երկու քույրերն իրենից մեծ են 11 եւ 12 տարով։

Արթուրը զոհվել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում գրադի հարվածից։ Հուղարկավորվել է նոյեմբերի 14-ին Եռաբլուրում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: