Տարանցիկ գազամուղ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանով անցնի որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կտեղափոխի նավթ կամ գազ, այդ թվում նաեւ Ռուսաստանից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով Հյուսիսային հոսք-2 նախագծի մասին հարցին:

Հայաստանով տարանցիկ խողովակաշարի անցկացման շատ թե քիչ իրատեսական երթուղի է դիտվում Իրանից դեպի Սեւ ծով ուղղությունը: Վիկիլիքսի փաստաթղթերի մեջ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Իրանից Հայաստան գազատարի տարանցիկության հարցում խոչընդոտ է եղել Ռուսաստանը: Ըստ Վիկիլիքսի, Հայաստանում ամերիկյան դիվանագետներին այդ մասին ասել էր Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, որն այժմ ողջ չէ: Ըստ այդ փաստաթղթերի, նա ասել էր, որ մեծ դժվարությամբ են հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը:

Իրանից գազատարը կառուցվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Այն չունի տարանցիկ թողունակություն, որովհետեւ կառուցվել է նեղ տրամաչափով: Այդ շրջանում մամուլում տեղեկություններ կային, որ Վրաստանը եւ Ուկրաինան Հայաստանին առաջարկում են կառուցել տարանցիկ գազամուղ: Դա Վրաստանում Վարդերի, իսկ Ուկրաինայում Նարնջագույն հեղափոխությունից հետո էր: Տարանցիկ գաղամուղի հարցեր դիտարկելու մասին Երեւանում արտահայտվեց նաեւ Վրաստանի այդ ժամանակ վարչապետ Նոգաիդելին, Երեւան այցի ընթացքում՝ Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում:

Երեւանը սակայն չընդառաջեց Թբիլիսի եւ Կիեւի այդ ցանկություններին, անկասկած՝ Մոսկվայի հետ չգժտվելու համար: Ավելին, Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը դեռեւս շահագործման չհանձնված հանձնվեց Գազպրոմին, այն պատճառաբանությամբ, թե միեւնույն է գազամատակարարման ցանցը Գազպրոմինն է: Հանձնման այդ գործընթացը ամբողջապես ավարտվեց 2017 թվականին:

Իրանից խողովակով Հայաստան գազ է գալիս ապրանքափոխանակության սկզբունքով՝ այստեղ վերածվում էլեներգիայի ու գնում Իրան: Իրանցի պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ իրենց դա պետք չէ, բայց այդ գործարքին գնում են, քանի որ դա պետք է բարեկամ Հայաստանին:

2017 թվականին ավարտվեց Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի Գազպրոմին հանձնման գործարքը, միաժամանակ նույն թվականին Երեւանը պաշտոնապես անդրադարձ կատարեց հնարավոր տարանցիկ գազամուզին: 2017-ի օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրության առիթով Թեհրան մեկնող Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել իրանական մամուլին: Նրան հարց էր ուղղվել տարանցիկ գազամուղի մասին, եւ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Երեւանը կողմ է՝ եթե համաձայնություն լինի բոլոր կողմերի միջեւ: Սարգսյանը միաժամանակ նշել էր, թե այդ հարցն առայժմ փորձագիտական դիտարկումների մակարդակում է:

Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը «բոլոր կողմեր» ասելով: Հավանաբար առաջին հերթին Ռուսաստանին, քանի որ տարանցիկ գազամուղը կլինի Հայաստանի ինքնիշխանության շոշափելի բաղադրիչ, ինչը Ռուսաստանում կարող է արժանանալ մեծ դիմադրության, ինչպես Իրան-Հայաստան գործող գազամուղի դեպքում:

Մյուս կողմից, կա՞ իրական, գործուն առաջարկ, որտեղ խնդիր կարող է լինել միայն Մոսկվան: Այսինքն, արդյոք Սարգսյանը նկատի չուներ եւ այն, որ, եթե տարանցիկ գազամուղին պատրաստ են շահագրգիռ բոլոր կողմերը՝ Իրանը, Վրաստանը, Եվրամիությունը, ապա այդ դեպքում Երեւանը կհամաձայնի մտնել գործընթացի մեջ՝ տեսնելով դրա առարկայությունը, այլապես չկա նախնական խոսակցությունների հիման վրա Ռուսաստանի հետ ավելորդ լարվածության նպատակահարմարություն:

Միաժամանակ հստակ է, որ Եվրամիության շահագրգռության բացակայության պարագայում հազիվ թե իմաստավորված լինի գազամուղի կառուցման ծախսը, եթե գազը չի ունենալու պահանջարկ Վրաստանից այն կողմ:

Կա՞ Իրանի ու Եվրամիության օրակարգում այդպիսի հարց: Ներկայում Իրանի շուրջ իրավիճակը գտնվում է լարվածության եւ բարդության փուլում: Այդ փուլում հազիվ թե հնարավոր լինի խոսել այդօրինակ խոշոր նախագծի շուրջ առարկայական քննարկումների մասին:

Մյուս կողմից, Եվրամիությունն այդ առումով ունի հարաբերական դիրքորոշում, ու Գերմանիան, օրինակ՝ ԵՄ առաջատարը, կարծես թե հակված չէ Իրանի հետ լարվածության: Այդ դեպքում Բեռլինը կարո՞ղ է դիտարկել իրանական գազի տեղափոխում Հայաստանի տարածքով: Արդյոք փետրվարի 1-ին Բեռլինում Մերկել-Փաշինյան հանդիպմանը կարող է շոշափվել այդպիսի հարց:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: