Երեխայիս ծնվելուց հետո գործերս, բնականաբար, ավելացան: Ունեմ ամուսին, ով առավոտից երեկո աշխատում է, բայց և նրա հետ կապված հոգսերն էլ իմ ուսերին են:
Սկզբում այնքան էի նախանձում այն երիտասարդ մայրիկներին, ում օգնում են երեխաների տատիկները: Գիտեմ շատ դեպքեր, երբ թոռները ամեն օր զբոսնում են տատիկի հետ, կամ սկեսուրն իր վրա է վերցնում սնունդը պատրաստելը կամ որևէ այլ կենցաղային գործ: Իմ ընկերուհիները բոլորը կարող են թեկուզ կես ժամով երեխային տալ տատիկին, հանգիստ սուրճ խմել կամ լողանալ:

Մայրիկս վաղուց ապրում է ՌԴ-ում, իսկ սկեսուրս մեր կողքի շենքում է բնակվում: Երբ աղջիկս դեռ 3 ամսական էր, արդեն ուժասպառ էի եղել, մի օր նա զանգեց ու ասաց, որ այսօր կգա մեր տուն՝ ինձ մի քիչ օգնելու: Այդ նորությունն ինձ այնպես ուրախացրեց, բայց երջանկությունս երկար չտևեց:
Տատիկն օգնում էր, բայց այնպես, ինչպես իրեն էր հարմար: Ուզում էր երեխայիս ջուր խմեցնել, մինչդեռ դրա կարիքը չկա, նախատում էր ինձ, ասում, որ պետք չի միանգամից գրկել երեխային, երբ նա սկսում է լաց լինել:
Հետո անցավ որոշ ժամանակ: Սկեսուրս սկսեց ավելի հաճախ գալ մեր տուն, բայց ոչ թե օգնելու, այլ խորհուրդներ բաժանելու:
—Երեխադ 6 ամսական է, նորմալ կերակրիր, այդ կաթի մեջ էլ օգուտ չկա:
Մի օր էլ խնդրեցի 1 ժամով մնալ դստերս հետ, շատ կարևոր գնումներ ունեի անելու: Երբ վերադարձա, տեսա, որ սկեսուրս երեխային տաք գուլպաներ ու գործած ժակետ է հագցրել, փաթաթել ծածկոցով, որովհետև «երեխան մրսում է, իսկ ինձ տարբերություն չկա»:

Մի օր չդիմացա, ու խնդրեցի նրան, այլևս չմիջամտել աղջկաս խնամքի հարցերին: Սկեսուրս նեղացավ, բայց շարունակեց գալ մեր տուն, որպեսզի հետևի թե ինչպես եմ մի ձեռքով գրկում նրան, մյուսով ճաշ եփում, ինչպես եմ երրորդ հարկից իջեցնում մանկասայլակը, ու ինչպես եմ արտասվող երեխայի հետ գնում խանութ…
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը