Մինչև հիմա հիշում եմ, թե երիտասարդ տարիներին ինչպես էի երազում մայրաքաղաքում ապրելու մասին։ Երազում էի, թե ինչպես եմ խնամելու եղունգներս, մազերս հարդարելու, միշտ անթերի տեսք ունենալու։ Բայց սիրահարվեցի մեր համագյուղացուն ու ամուսնացա։ Այդպես էլ երազանքներս մնացին անկատար, բայց դրա փոխարեն ունեցա ամուր ու սիրով լի ընտանիք։
Աղջիկ ունեցանք, իսկ 8 տարի անց՝ տղա։ Դուստրս ինձ պես մանկուց երազում էր Երևան տեղափոխվելու մասին։ Երբ ավարտեց դպրոցը, որոշեց ընդունվել պետական համալսարան։ Ես ու ամուսինս ջանք չէինք խնայում, որ վճարենք ուսման վարձը, վարկեր վերցրեցինք, բայց կարողացանք հասնել մեր նպատակին։
Երբ Անին գնաց Երևան, այնքան էինք հպարտանում նրանով․․․ Մեր չարչարանքը ոչինչ էր՝ մեր հպարտության դիմաց։ Մենք վստահ էինք, որ նա ուսում կստանա, լավ մասնագիտություն կունենա, գուցե և հետագայում օգնի եղբորը։

Առաջին կուրսում սովորելու ընթացքում նա ընդամենը երկու անգամ եկավ գյուղ։ Պատմում էր, որ շատ են դասերը, չի հասցնում, մենք էլ չէինք նեղանում։ Շարունակում էինք նրան գումար ուղարկել ու սպասել զանգերին։ Խեղճ որդուս շատ բանից ենք զրկել՝ Անիին օգնելու համար։ Բայց նա հասկանում էր, որ քրոջը պետք է ու լուռ համաձայնվում էր մեզ հետ։
Անին ավարտեց համալսարանը, լավ աշխատանք գտավ։ Մենք անընդհատ սպասում էինք, որ գոնե հյուր կգա, բայց նա միշտ զբաղված էր։ Իսկ մի օր էլ ասաց, որ ընկեր ունի, իրենից տաս տարով մեծ։ Աղջիկս ոգևորված պատմում էր, որ ընկերը բիզնես ունի, ունևոր է, ու իրար շատ են սիրում։
Ամուսինս պահանջում էր, որ ընկերոջ հետ գա տուն, ծանոթանանք հետը, բայց․․․ 1 շաբաթ առաջ զանգեց մեր հազարտ աղջիկն ու ասաց, որ ամուսնացել է։ Ասում է՝ մեծ հավաքույթ չենք արել, միայն մտերիմներն էին, կարծեցինք, որ չեք ուզենա գյուղից գալ հասնել մի օրվա համար։
Ես հասկացա, որ մենք կորցրել ենք մեր աղջկան․․․ այն Անին, ում մենք մեծացրել, դաստիրակել, սիրել ու փայփայել ենք, այլևս չկա․․․ Հիմա նա այլ մարդ է, ում ուղեղը լցված է գումարով ու քաղաքի հաճույքներով․․․
Մենք դեռ ուշքի չենք եկել․․․