Երեկ՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրն էր: Երաժիշտը կդառնար 49 տարեկան: Արտիստի պատվին հայ էստրադային երգիչ-երգչուհիները համերգ էին կազմակերպվել, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Առաջին անգամ Հայկոյի սիրված մեղեդիները հնչում էին առանց նրա, բայց եւ նրա հետ:
Երեկոն վարում էին երգչի ընկերները՝ Նազենի Հովհաննիսյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանն ու Խորեն Լևոնյանը:

Համերգի ընթացքում բեմ բարձրացավ նաեւ երգչի որդին՝ Արման Հակոբյանը: Նախքան ելույթը, տեսանյութ ցուցադրվեց Արմանի մասնակցությամբ, որում տղան ասում է, որ անչափ սիրում ու կարոտում է հորը եւ ուզում է նրան նմանվել, նրա պես կյանքը սիրող ու երազող լինել: Ապա Նազենի Հովհաննիսյանը, բեմ հրավիրելով Արմանին, ասաց՝ Արման Հայկոյի Հակոբյան՝ Հայկոյի լավագույն ստեղծագործությունը: Արմանն էլ ներկաներին ասաց՝ «Շնորհակալ եմ, որ եկել եք հայրիկիս համերգին»:

Հայկոյին նվիրված համերգի ընթացքում երգեցին Անդրեն, Սոսո Պավլիաշվիլին, Արսեն Սաֆարյանը, Սիրուշոն, Էմմին, Արա Մարտիրոսյանը, Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը եւ այլք: Էրիկը Հայկոյի երգերից մի քանիսը կատարեց, որոնցից մեկի ժամանակ անչափ հուզվեց. երգիչը չկարողացավ զսպել արցունքները:

Համերգի վերջում հայտնվեց Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը, եւ հնչեց «Վերեւ» ստեղծագործությունը:


Նշենք, որ երեկ հայ հայտնիները բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակում երգչի հետ, կարոտով ու ափսոսանքով հիշում նրան: Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, եւս լուսանկար էր հրապարակել, որտեղ իր եւ երգչի որդին դեռ շատ փոքրիկ է եւ հոր գրկում:
բ
Հիշեցնենք՝ Հայկոն մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Նա ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Մեկ շաբաթից ավելի գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցի (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ կնքեց մահկանացուն: