Կարելի՞ է քացախով ու սպիրտով շփել ջերմող երեխայի մաշկը. Եղանակը ցրտում է, և դրան զուգահեռ մեծանում է հարբուխով հիվանդանալու և ջերմություն ունենալու հավանականությունը:
«Իմ փոքրիկը» զրուցել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է ճիշտ և արդյունավետ ձևով երեխային պաշտպանել ջերմությունից.
–Ինչու՞ և ո՞ր հիվանդությունների դեպքում է փոքրիկի ջերմությունը բարձրանում:
-Սովորաբար ասում ենք, որ ջերմությունն օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիան է: Ջերմությամբ կարող են ուղեկցվել վիրուսային և բակտերիալ վարակները, համակարգային հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները:
Տրավմաներից հետո նույնպես երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ: Եթե 2-3 շաբաթ երեխան ունի կայուն բարձր ջերմություն, ապա, բնականաբար, կարիք կա ավելի լիարժեք հետազոտելու, բացառելու օրգանիզմում ինֆեկցիոն գործընթացները և հասկանալու, թե այդ տենդի հետևում ինչ հիվանդություն կարող է լինել:
-Կա՞, արդյոք, կապ հարբուխի և ջերմության միջև:
-Իհարկե, կապ կա: Բակտերիալ և վիրուսային շատ հիվանդություններ կարող են ուղեկցվել ջերմության բարձրացմամբ. դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է՝ ի պատասխան ներդրված օտարածին նյութերի՝ միկրոբների (բակտերիաներ կամ վիրուսներ) քայքայմանը:
Միկրոբների և օրգանիզմի միջև համագործակցության արդյունքում առաջանում են միջնորդանյութեր, որոնք հանգեցնում են մեր գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնում մարմնի նորմալ ջերմաստիճանի փոփոխությանը:
Եթե մեծահասակների դեպքում մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.5-ից 36.6-ի սահմաններում է, ապա երեխաների դեպքում նորմալ է համարվում 36.6-37.5 աստիճանը (հատկապես մինչև 1 տարեկան երեխաների դեպքում):
Հետևաբար 38 աստիճան ջերմություն ունեցող երեխայի ջերմությունը պետք չէ իջեցնել: Բացառություն են մինչև 2 ամսական երեխաները. այս դեպքում երեխաները պետք է անպայման հոսպիտալացվեն կամ այցելեն բժշկի:
2 ամսականից բարձր երեխաների դեպքում բուժումը կարելի է կազմակերպել տանը՝ բժշկի հետ համագործակցելով (եթե երեխայի մոտ չկան այլ ախտանշաններ):
-Ե՞րբ է անհրաժեշտ ջերմիջեցնող տալ երեխային, ի՞նչ դեղաչափով և հաճախականությամբ:
-Ջերմիջեցնող տալու անհրաժեշտություն կա 38 աստիճանից բարձր ջերմության դեպքում, եթե խոսքը մինչև 2 ամսականների մասին է, և 38,5-ից բարձրի դեպքում, եթե խոսքն ավելի մեծ երեխաների մասին է (եթե երեխան երբևէ ունեցել է թերմիկ ցնցումներ, ապա նրա ջերմությունը պետք է իջեցնել ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում):
37 կամ 37.5 աստիճան ջերմության դեպքում պետք չէ տալ ջերմիջեցնող: Իջեցման համար անվտանգ դեղորայքներ են համարվում պարացետամոլը և իբուպրոֆենը (ի դեպ, իբուպրոֆենն ունի հակացուցում մինչև 3 տարեկան երեխաների համար):
Դեղաչափի հետ կապված՝ պետք է հասկանալ, որ այն որոշվում է ոչ թե տարիքով, այլ երեխայի քաշով, ուստի՝ այն դոզավորումները, որոնք դրված են դեղորայքներ վաճառող կազմակերպությունների կողմից իրենց ներդիրներում կամ տուփերի վրա, ոչ միշտ են թույլատրելի և ոչ միշտ է այդ դեղաչափերով առաջնորդվելը ճիշտ. 6 ամսականում մի երեխան կարող է կշռել 9 կիլոգրամ, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ, օգտագործվող դեղորայքի չափը նույնը չի կարող լինել:
Պարզապես պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ: Խորհուրդ է տրվում մինչև 1 տարեկան երեխաներին այդ դեղորայքներն օգտագործել օրական 3-4 անգամից ոչ ավելի: Պետք է հիշել, որ ջերմիջեցնող տալուց հետո երեխայի ջերմությունը միանգամից չի իջնելու:
Օրինակ 38.5-ից ջերմությունը կարող է իջնել 37.5 և այլևս չիջնել․ սա նորմալ է, քանի որ երեխան դեռ հիվանդ է, և պետք չէ ավելորդ դեղաչափ տալ նրան: Հիշենք, որ ջերմությունն իջեցնում ենք միայն այն նպատակով, որ երեխան իրեն լավ զգա, կարողանա հեղուկներ ընդունել, սնվել, որպեսզի հնարավորինս շուտ կազդուրվի: