Ինձ համար իմ հայրենիքը եղբայրս է, մի ամբողջություն էինք, հիմա կիսատ եմ մնացել.

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փոքր տարիքում եղբայրս շատ աշխույժ էր: Մեծ ընտանիք էինք, բնակվում էինք տատիկ-պապիկի ու մեր հորեղբոր ընտանիքի հետ: Տանը չորս երեխա էինք: Բոլորից աշխույժն ինքն էր, բոլորի սիրելին, հայրիկիս ընկերներն իրեն յուրահատուկ ուշադրություն էին դարձնում: Շատ խելացի էր, մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր փոքր տարիքից մայրիկիս հարցախեղդ անում, իրեն ամեն ինչ հետաքրքրում էր»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Սիրեկանի քույրը՝ Նարինեն:

Ասում է՝ եղբորը երևի որևէ մեկն իր անունով չի դիմել, բոլորի համար նա Սիրոն էր: Վերհիշելով դպրոցական տարիները՝ նշում է՝ խելացի էր, բայց այնպես չէ, որ աշխատասեր էր և նստում, դաս էր սովորում: «Մեր տարբերությունն էլ հենց դա էր, ես ամբողջ օրը սովորում էի, ինքը գալիս էր, մի բան ինձանից լսում, դպրոցում ուշադիր լինում, և դա բավարար էր, որ լավ գնահատականներ ստանար: Ուսուցիչներն անգամ ասում էին՝ բա որ ավելի երկար ժամանակ ծախսես սովորելու վրա, գիտե՞ս, թե ինչ արդյունքներ կարող ես գրանցել: Իրեն բոլորը շատ էին սիրում՝ թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները՝ իր աշխուժության ու նաև պարզ տեսակի համար»:

Սիրոյի դպրոցն ավարտելը, ավելի կոնկրետ՝ վերջին քննությունն ու բանակ զորակոչվելը գրեթե միաժամանակ է տեղի ունեցել: «Իր համադասարանցիները հատուկ իր համար կազմակերպել և միասին գնացել էին Սուրբ Հովհաննես, այդ ժամանակ միայն Սիրոն էր մեկնում ծառայության: «Փոքր էին, երբ հորեղբորս տղայի հետ խոսելիս ու խաղալիս միշտ նույնն էր կրկնում՝ բանակ եմ գնալու, պիտի ծառայեմ: Իր զոհվելուց հետո մեզ փոխանցեցին մի թուղթ, որտեղ գրել է, թե ինչ է ուզում դառնալ: Դպրոցում ուսուցչուհին հանձնարարություն է տվել, Սիրոն գրել է իր երազանքների մասին: Նախ տուն է նկարել, կարծում եմ, որ դա իր ցանկությունն էր, որ մեր սեփական տունն ունենանք, և կողքին էլ գրել էր՝ մեծանամ, դառնալու եմ «վայեննի», ընդ որում՝ հենց այդպես է գրված»: Սիրեկանի ժամկետային զինծառայությունն անցել է Արցախում՝ Մարտունի 3-ում: «Երբ ամեն անգամ հարցնում էինք, թե ոնց է, պատասխանը մեկն էր՝ ինձ մոտ ամեն ինչ լավ է, ինձ ոչինչ պետք չէ:

Երբեք չի տրտնջացել, չենք իմացել՝ երբևէ դժվարություն ունեցե՞լ է: Արցախը շատ էր սիրում: Երբ խոսում էր նրա մասին, զգում էիր, որ Արցախն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Բանակի, հրամանատարների, ծառայակից ընկերների մասին սիրով էր պատմում: Մտերիմ քույր ու եղբայր ենք եղել, կարող էինք նստել ու ժամերով խոսել: Շատ լավ հրաձիգ էր, ծառայության ընթացքում մրցույթի էր մասնակցել, հաղթել էր, և, որպես խրախուսանք, իրեն արձակուրդ էին տրամադրել, բայց չեկավ՝ պատճառաբանելով, թե այդքան երկար ժամանակ է տրամադրելու, գումար է ծախսելու՝ տուն գալու ու վերադառնալու համար, ավելի լավ է չօգտվի իր արձակուրդից: Ամեն ինչ հաշվարկում էր»»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: