Երկրում արտակարգ դրությունը վերջացե՞լ է, որ պահանջում են կոմունալ վճարումները կատարել․ մարդն ինչպես վճարի, եթե դեռ չի աշխատում․ սա հակասում է վարչապետի խոսքին․ Անի Խաչատրյան

Արտակարգ դրությունը վերջացե՞լ է երկրում, որ պահանջում են կոմունալ վճարումներն ու ասում՝ անջատումներ կլինեն։ Ինչպես մարդը պետք է վճարի գազի, էլեկտրաէներգիայի դիմաց, եթե դեռ չի աշխատում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ հայտարարությանը, որում ասվում է, որ ապրիլի 22-ից կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններն իրավասու են դադարեցնել այդ ծառայությունը, եթե դրա դիմաց վճարում չի արվում, քանի որ վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած:

«Արտակարգ դրությունը շարունակվում է, իրավիճակը նույնն է, նույն տեմպով շարժվում ենք, չգիտենք՝ արտակարգ դրությունը երբ է վերջանալու և այս պահին անջատումներ պետք է իրականացնե՞ն։ Սա նաև հակասում է վարչապետի խոսքին։ Վարչապետն ասաց, որ անջատումներ չեն լինելու, և ՀԾԿՀ հայտարարությունը հակասում է դրան»,- նշեց Անի Խաչատրյանը։

Ավագանու անդամը նկատեց, որ ոչ միայն կոմունալ վճարումների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարության, այլև շատ այլ դեպքերում ևս վարչապետի և մեկ ուրիշ պաշտոնյայի կամ կառույցի հայտարարությունները միմյանց չեն համապատասխանում։

«Կարծում եմ՝ վարչապետը պետք է սկսի զբաղվել նրանով, որ իր խոսքը մնացած պաշտոնյաների խոսքին չհակասի, որովհետև շատ են դեպքերը։ Վարչապետը հայտարարում է՝ իրավիճակը վերահսկելի է, կես ժամ հետո Արսեն Թորոսյանը ասում է՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է։ Կառավարության խոսքը մեկ պետք է լինի, որովհետև այդ ամեն ինչը քննարկումների ժամանակ է որոշվում։ Այստեղ պարոն Փաշինյանը մտածելու բան ունի՝ ինչպես անի, որ իր խոսքը համընկնի մյուսի ասածի կամ արածի հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախօրեին հայտարարել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած և չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ ՀԾԿՀ-ի հայտարարությանը հետևեցին «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաղորդագրությունները, որտեղ ընկերությունները 3 օր ժամանակ էին տրամադրել քաղաքացիներին կոմունալ ծախսերը վճարելու համար։

ՀԾԿՀ հայտարարությունում նաև նշվում է, որ ֆորս մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, և էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

Անի Խաչատրյանը համաձայն չէ հանձնաժողովի հիմնավորման հետ․ «26 հազար դրամ, երբ մեկ երեխային վճարվում է, մարդիկ դրանով կոմունալ պետք է վճարե՞ն, թե՞ ապրեն։ Ստացվում է, որ Կառավարությունն այդ գումարը տալիս է ՀԷՑ-ի և Գազպրոմի վճարումներն անելու համա՞ր։ Կամ եթե մարդն իր եկամուտն արտերկրից է ստանում, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնածից և դա հիմա չկա, որտեղի՞ց պետք է վճարի մարդը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության հակաճգնաժամային փաթեթներով սպառած գազի և էլեկտրաէներգիայի 30 և 50 տոկոսի չափով փոխհատուցումներին, Անի Խաչատրյանը նշեց, որ կոմանալ ծառայությունների դիմաց մնացած գումարը ևս կդժվարանան վճարել քաղաքացիները․ «Փետրվարը ամենածանր ամիսն էր։ Ես չեմ ասում լրիվ զրոյացնեն պարտքերը, բայց կարելի է այլ ձև մշակել, սպասել մինչև արտակարգ դրությունն անցնի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին, աշխատանքի վերադառնան և կարողանան կուտակված պարտքերը 1-2 ամսում գոնե վճարեն»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: