Երեխային սովորեցրեք ինքնուրույն հավաքել իր խաղալիքները․
Լինի դա տիկնիկ, մեքենա, լեգո, փազլ թե մի ուրիշ խաղալիք, փոքրուց դաստիարակեք Ձեր երեխային՝ խաղի ավարտին հավաքել իրերը: Սա շատ հեշտ է փոքր ժամանակ սովորեցնելը, քանի որ երեխաներն այս տարիքում ամեն ինչ ընկալում են որպես խաղ, և որքան շուտ սկսեք, այնքան Ձեր գործը հետագայում հեշտ կլինի: Անհրաժեշտ է լինել հետևողական և զինվել համբերությամբ: Շատ մեծ է երեխայի փոխարեն արագ-արագ հավաքելու և տնից դուրս գալու ցանկությունը, որպեսզի հանկարծ չուշանաք: Այդ պատճառով նախօրոք պլանավորեք, որ երեխան պետք է հավաքի իր իրերը և տրամադրեք նրան այդ ժամանակը: Հակառակ դեպքում Դուք ունենալու եք դպրոցահասակ երեխա, որն անընդհատ վազելու է Ձեզ մոտ իր խնդիրների լուծումը հարցնելու համար: Հասուն տարիքի խնդիրների մասին էլ չեմ ասում:

Երեխաներին միշտ ասեք ճշմարտությունը և խուսափեք նրանց խաբելուց․
Ուշադիր լսեք, թե Ձեր շուրջբոլորը մեծահասակներն ինչ են ասում և ինչպես են պատասխանում իրենց երեխաների հարցերին, և կտեսնեք, թե սուտը որքան տարածված է: Մայրիկը տանից բացակայում է, խաբում են, թե՝ կողքի սենյակում քնած է, տատիկը մահանում է՝ խաբում են, թե գնացել է Ամերիկա, երեխային տանում են մանկապարտեզ, խաբում են, որ հիմա կգան ու վերադառնում են մի քանի ժամից: Խաբում են հիմնականում հետևյալ պատճառներով. Դժվարանում են քննարկել բարդ թեմաները (մահ, ծանր հիվանդություն, սեքս և այլն)։ Մտածում են, որ երեխաները չեն հասկանում։ Իրենք էլ չգիտեն հարցի պատասխանը։ Անիմաստ է, դե երեխա է՝ կանցնի կգնա:
Եթե չգիտեք հարցի պատասխանը, այդպես էլ ասեք երեխային, և առաջարկեք միասին գտնել այն: Ինչքան շատ սուտ խոսեք, այնքան մեծանում է հավանականությունը, որ Ձեր երեխան հետագայում, օրինակ դեռահասության շրջանում, Ձեզ կխաբի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առօրյայում հաճախ սուտ լսող երեխաներն իրենց ծնողներին ավելի քիչ են վստահում: Հիշեք, որ Ձեր երեխայի ապագա վարքը կախված է Ձեր ներկայիս վարքից:

Երեխային սովորեցրեք սպասել․
Գտեք տարբեր իրավիճակներ և շատ փոքր տարիքից սովորեցրեք նրանց սպասել: Օրինակ՝ երեխան խանութից նոր տիկնիկ է ուզում կամ շոկոլադ, անմիջապես մի գնեք, այլ ասեք, որ պետք է սպասել և հաջորդ օրը (կամ՝ երբ Ձեզ հարմար է), եթե դա նրան դեռ պետք լինի, կգնեք: Եթե գնել եք շոկոլադ, երեխայի հետ միասին պահեք այն և տվեք ուտելու ճաշից հետո: Քույր ու եղբայր ուզում են խաղալ նույն խաղալիքով, սովորեցրեք նրանց սպասել իրենց հերթին: Ուզում են մուլտֆիլմ դիտել, թող սպասեն մուլտֆիլմ դիտելու ժամին (կամ օրվան): Ձևավորեք երեխաների մոտ համբերատարություն, և նրանք հասուն տարիքում ձեզանից շատ շնորհակալ կլինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն