«Երբ Հայաստան եկшնք, մեզ ասшցին, որ պետք է ԴՆԹ թեստ հшնձնել… ես չհшմաձայնվեցի, որովհետև իմ երեխեն ինձ հпւյս էր տվել, որ գшլու է». մայրը՝ 21-ամյա հերпս որդու մшսին

Արցախյան պատերազմում զոհված Արտյոմ Հակոբյանի մայրը նախքան որդու մասին պատմելը ասում է՝ երեկ Արտյոմիս ծնունդն էր, բալիս 21-ամյակը… մի կերպ զսպելով հուզմունքը՝ պատմում է.

«Տյոմաս Թատերական արվեստի ռուսաստանյան համալսարանի 2-րդ կուրսի ուսանող էր, եկավ հայրենիքին պարտքը տալու:

Իմ երեխեն հայրենիքից ոչինչ չէր տեսել, բայց եկավ հայրենիքին պարտքը տալու:Ես Արտյոմիս երդմնակալության արարողությանն էի գնացել, երբ Ջաբրայիլը տեսա, ասացի՝ իմ փափուկ պահած, Ռուսաստանի հողում ապրած երեխուս անապատներն եմ թողել:1,5 ամիս ծառայում էր. ոչ մի նեղություն ինձ չի տվել, ոչ մի անգամ չի բողոքել ծառայությունից:Տյոմաս Ֆրունզիկ Մկրտչյանով շատ էր հպարտանում, ուզում էր «Ֆրունզիկ Մկրտչյան» դառնալ… ինքն ուզում էր անվանի դերասան դառնալ, բայց դարձավ հերոս, զոհվեց հանուն հայրենիքի: Ես «հերոս» բառը չեմ ընդունում, որովհետև իմ բալեն մեծանուն դերասան էր դառնալու, իմ բալեն արտիստ էր:Ինքը փոքր տարիքից յուրահատուկ էր, ընդամենը 20 գարուն ապրեց, շատ նպատակներ ուներ, շատ: Իմ բալեն հրեշտակ էր… իր ամեն ինչն անակնկալներով է եղել՝ քայլելուց սկսած, մինչև ինստիտուտ ընդունվելը:Հիմա ես իմ բալին ումի՞ց պահանջեմ:

Իմ երեխեն հերոս է, 31 օր գիշեր-ցերեկ կռվել է թուրքի դեմ: 30 տարեկան տղաս ուղիղ 2 ամիս մորգերում եղբոր մարմինն է փնտրել, ինչեր է տեսել այդ ընթացքում:Թուրքը ջարդեց հայի ամենալավ կորիզը՝ 18-21 տարեկան, որոնք բժիշկներ էին դառնալու, անվանի մարդիկ… ո՞ր մեղքի համար էդ երեխեքը զոհվեցին:Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը ես ամեն մի լուրի, հաղորդման հետևել եմ:

Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ տխուր լուր ունի հայտնելու, ես ուրախացա, մտածեցի՝ կստորագրի, և դա պատերազմի վերջը կլինի: Չստորագրեց, և ես չեմ հասկանում՝ ով էր դեմ, որ այդ ժամանակ չստորագրեց: Միշտ էլ պատերազմում տուժում են բանվոր դասակարգի երեխաները: Իմ բալեն հրեշտակ դարձավ Աստծու գրկում, բայց մինչև կյանքիս վերջ սպասելու եմ իրեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Հակոբյանի մայրը՝ Գոհար Հակոբյանը:21-ամյա ժամկետային զինծառայողի մայրը նշում է, որ որդին ծառայել է Ջաբրայիլում, որտեղ 4-5 օր համառ մարտեր է մղել թշնամու դեմ:

«3-4 օր տեղեկություն չունեինք… 4-րդ օրը մեծ որդիս զանգեց ասաց՝ մամ, Տյոմաս զանգել է, արի, որ խոսենք:Տյոմայիս առաջին խոսքը հետևյալն էր՝ մամ ջան, Աստված Ջաբրայիլից ինձ բերել է Հադրութ… իմ մամայի ու պապայի աղոթքներն են բերել ինձ Հադրութ: Երբ սկսեցի լաց լինել, ասաց՝ մամ ջան, լաց չլինես, ես իմ ուսերին վիրավոր զինվոր եմ ինձ հետ բերել:4 գիշեր իմ բալեն Ջաբրայիլից ոտքով 5 հոգով հասել են Հադրութ՝ Հադրութի գյուղապետի տուն, այդ բարի մարդը հաց է տվել, երեխեքին հեռախոս էր տվել, որպեսզի ծնողների հետ կապ հաստատեն և ասեն, որ իրենք ողջ են:Իմ տղեն ինձ հույս տվեց, որ կգա… հետը խոսում էի, ասաց՝ մամ ջան, ես Ջաբրայիլում այնպիսի բաների միջով եմ անցել, որ ինձ էլ ոչինչ չի պատահի:

Ասաց՝ մամ ջան, դու հանկարծ չվախենաս:Հետո քրոջ հետ էր խոսել, ասել էր՝ մամային չեմ կարող ասել, բայց քեզ կասեմ՝ եթե իմ անունը զոհվածների ցուցակում տեսնեք, երբեք չհավատաք, որ ես չկամ:Քրոջն ասել է՝ ամենադժվարն այս պատերազմում գերի ընկնելն է, մեկ էլ, երբ ընկերոջդ մայրը զանգում է, ու դու պիտի ասես ընկերդ չկա: Իմ բալեն անգամ էդ թեժ պահերին մտածում էր էդ մասին:Իմ ընկերուհիներին գրել էր՝ շուտ-շուտ գնացեք մամայիս մոտ, հետը խոսեք, որ մամաս ցրվի, իմ մասին չմտածի:Կյանքս սեպտեմբերի 27-ից դարձել է դժոխք. ինձ ոչինչ չի մխիթարում… կյանքիս ամենավերջին րոպեն էլ կսպասեմ իմ բալին»,- շարունակում է Արտյոմի մայրը:Գոհար Հակոբյանը պատմում է, որ որդու հետ վերջին անգամ կապ եղել է հոկտեմբերի 28-ին, և էլ ոչ մի լուր չեն ունեցել:

«Մինչև ամսի 27-ը ամեն օր զանգում էր… մեզ հասկացրեց, որ ինքը Շուշիում է, մենք Ռուսաստանում էինք այդ ժամանակ:

27-ին քրոջ հետ է խոսել, ասել է՝ զարյադկես նստել է, հեռախոս չկա, կարող ա չզանգեմ: Հոկտեմբերի 28-ին զանգել է քրոջս աղջկան, ասել է՝ մերոնց ասա ես լավ եմ, եթե հնարավոր լինի, ես կզանգեմ: Կարմիր շուկայում է եղել, մենք դա էլ չենք իմացել, եղբայրն է երկար փնտրտուքից հետո իմացել, թե որտեղ է գտնվել իմ բալեն:Հոկտեմբերի 28-ի զանգից հետո էլ լուր չենք ունեցել մինչև հունվարի 15-ը ԴՆԹ-ի պատասխանը: Իմ մեծ տղային ասել էին, որ ինչ-որ բան է պատահել: Ինքը ինձ և ամուսնուս ուղարկեց Հայաստան նոյեմբերի 5-ին:Երբ Հայաստան եկանք, մեզ ասացին, որ պետք է ԴՆԹ թեստ հանձնել… ես չհամաձայնվեցի, որովհետև իմ երեխեն ինձ հույս էր տվել, որ գալու է: Ասում էր՝ մամ ջան, որ եկա, էս պատերազմի մասին ֆիլմ եմ նկարելու»,- պատմում է տիկին Գոհարը:Արտյոմ Հակոբյանը ընտանիքի փոքր զավակն էր, մայրն ասում է՝ մեր տան փոքրն էր, մեր սիրելին:

«Խելոք, տաղանդավոր, կյանքով լի, հանգիստ, ընկերասեր». այս հատկանիշներով են գյումրեցի հերոսին հիշում հարազատները:

«Անցած տարի դեկտեմբերին 10 օրով արձակուրդ էր եկել, այդ ժամանակ եմ վերջին անգամ տեսել իմ բալին:Արտյոմս չէր ծխում, երբ միասին նստեցինք տաքսի, ասացի՝ Արտյոմ ջան, ինչ լավ է դու չես ծխում, ասաց՝ մամ ջան, ես արդեն քանի ամիս եմ ծխում, ու տեղյակ չես: Ես էդտեղ հասկացա, որ Ջաբրայիլի դաժան սարերի ու ձորերի մեջ ինչ տանջանքներ է տեսել, որ ձգտել է սիգարետին, որովհետև միշտ ասում էր՝ մամ, ես չեմ ծխելու, որ ձայնս չկորի հանկարծ:

«Որդիս արտիստ էր… դեռևս դպրոցական տարիքից մասնակցել է տարբեր մրցույթների: Արտյոմը հավակնոտ էր, ապագայի վառ հեռանկարով ու կյանքով լի»,-եզրափակում է հերոսի մայրը:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: