Եթե այս ամենը ՀՀԿ-ն է կազմակերպել կձախողվի. Արմեն Բաղդասարյան

Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցան բողոքի ցույցեր: Օպտիմալացման հետեւանքով աշխատանքից զրկվող զինկոմիսարիատների աշխատողները, որոնք, ի դեպ, դեռ մի քանի ամիս առաջ գիտեին, որ օպտիմալացում է լինելու, սկսեցին բողոքել դրանից: Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձր աշխատավարձ, չնայած որ իրենց պնդմամբ՝ 3 տարուց ավել էի՝ նույն կարգավիճակով աշխատել են: Նաիրիտի աշխատակիցները չվճարված աշխատավարձներն էին պահանջում կառավարությունից, եւ այսպես շարունակ: Այն բոլոր բացթողումները, սխալները, որոնք եղել է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, պահանջում են շտկել դեռ նոր ձեւավորված կառավարությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո բողոքի ցույց անողները բացեցին բոլոր ճանապարհներըԼ Այդուհանդերձ, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ամենը, եւ արդյո՞ք այս քայլերը կարելի է ՀՀԿ-ի վերակենդանացման փորձր համարել: Մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

— Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս կգնահատեք երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները:

— Հեղափոխությունը թեւակոխել է դիրքային պայքարի փուլ, եւ այն, ինչ-որ տեղի է ունենում` բողոքի ցույցեր, պահանջներ, դրանք սպասելի էին, եւ ես կարծում եմ, որ նոր կառավարությունը պիտի շատ արագ ինչ-որ աշխատանքային խումբ ձեւավորի, փորձի օպերատիվ լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որոնք հնարավոր է արագ լուծել: Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը պատվով դուրս կգա այս իրավիճակից՝ հաշվի առնելով նաեւ այն, որ հասարակական գիտակցության մակարդակը շատ է բարձրացել վերջին իրադարձությունների ընթացքում:

— Ինչո՞ւ են քաղաքացիները միեւնույն ժամանակ տարբեր տեղերում իրենց բողոքի ձայնը հիմա սկսել բարձրացնել, երբ դեռ կառավարությունը նոր է ձեւավորվել, եւ դեռ ժամանակ է հարկավոր քայլեր կատարելու համար:

— Ես կարծում եմ, որ նախկին իշխանության` ՀՀԿ-ի շրջանակներից, հնարավոր է, որ հրահրեն այդպիսի բաներ՝ նպատակ ունենալով արագացնել այն գործընթացը, որը, իրենց կարծիքով, պետք է տեղի ունենա, այսինքն պիտի ժողովուրդը հիասթափվի նոր կառավարությունից: Բայց ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ի վերջո այս հեղափոխության նպատակը այն էր, որ բոլոր խնդիրները լուծվեն բացառապես օրենքի շրջանակներում: Հիմա այդ հնարավորությունը կա, եւ այդ հարցերը պիտի բարձրացվեն եւ լուծվեն օրենքի շրջանակներում:

— Արդյո՞ք ՀՀԿ-ն փորձում է վերակենդանանալ այսպիսի մեթոդներով, քանի որ բոլոր բարձրացված խնդիրները եղել են ՀՀԿ-ի ժամանակ: 

— Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն այս մեթոդներով վերակենդանալ չի կարող, որովհետեւ նոր իշխանությունները մի շատ կարեւոր վարքագիծ են որդեգրել` հասարակության հետ խոսել բաց եւ անկեղծ: Իսկ մարդկանց երբ անկեղծ բացատրում ես խնդիրները, երբ բացատրում ես, թե ինչու այս հարցը կարելի է լուծել շատ արագ, իսկ մյուս հարցը կարելի է լուծել ասենք 2 ամիս հետո, մարդիկ հասկանում են: Դրա համար էլ, եթե ՀՀԿ-ն է կազմակերպել սա՝ կձախողվի:

— Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով, որ խնդիրները շատ են, եւ խնդիր բարձրացնողները նպատակաուղղված պահանջում են անհապաղ լուծումներ:

— Ես կարծում եմ, որ պետք է ստեղծել մեծ աշխատանքային խումբ, հիմնականում ձեւավորված իրավաբաններից եւ տնտեսագետներից: Նրանք պիտի գիշեր-ցերեկ մարդկանց հետ հանդիպեն, լսեն խնդիրները եւ շատ կարճ ժամանակում նրանց պատասխան տան եւ բացատրեն, թե ինչու այս հարցը հնարավոր է լուծել երկու օրից, մյուս հարցը՝ 2 ամսից, իսկ մյուս հարցը հնարավոր չէ լուծել ընդհանրապես: Կարծում եմ՝ այդպիսի ակեղծ խոսակցությունը նոր իշխանությունների եւ մարդկանց խմբերի միջեւ, կօգնի լուծել այս բավականին անցանկալի իրավիճակը:

— Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի քայլերի հետեւում դարձյալ Սերժ Սարգսյանն է կանգնա՞ծ:

— Ես կարծում եմ, որ նա իր հիմնական խնդիրն է համարում այս պահին ՀՀԿ-ն, որպես կուռ միասնական թիմ պահելը, հենց այդ նպատակով, որպեսզի հնարավորինս բարդացնի նոր կառավարության աշխատանքը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: