ԴՈՒ ՉԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ՝ ՄԵՆՔ ՔԵԶՆԻՑ ԿՀՐԱԺԱՐՎԵՆՔ

Երեկ հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պետք է մասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին։ Զարմանալիորեն, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում էր Հայաստանի հավաքականի առաջատար եւ ավագ, «Ռոմայում» ոչ պակաս առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը։ Մինչ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Մխիթարյանն ինքն է հերթական անգամ ինչ-ինչ պատճառներից ելնելով հրաժարվել հավաքին միանալուց, հայազգի աստղն անձամբ է անդրադարձել խնդրին՝ բացառելով վերոնշյալը։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրվել առաջիկա ընկերական խաղերին: Տրամադրված պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Համացանցում քննարկումները չեն դադարում Մխիթարյանի՝ հավաքական չհրավիրվելու պատճառների մասին։ Օրինակ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենոյի պարզաբանումն ինձ համար առավել քան հստակ է եւ հավաստի։ Խնդիրը մարզչական ինչ-ինչ հաշվարկների մեջ է, եւ ես հակված եմ մտածել, որ Ազգային հավաքականի ավագը պարտադիր պետք է լինի մեր թիմում: Մարզիչը կարող է հազար ու մի պատճառ բերել նրան չհրավիրելու համար, բայց դրանք այս պահին ոչ մի կերպ, ըստ իս, արդարացված չեն: Հուսով եմ՝ գալիք պաշտոնական խաղերին Մխիթարյանը կառաջնորդի մեր հավաքականին դեպի նորանոր հաղթանակներ»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք հայ ենք… Մենք այդպես էլ մեր ամբողջ գոյության ընթացքում չկարողացանք ճիշտ գնահատել մեր հզորներին․․․»։ Պաչաջյանը հետո արդեն երկրորդ գրառումն է կատարել՝ տեղեկացնելով, որ անձամբ է զրուցել Մխիթարյանի հետ։ «Խոսել եմ Հենոյի հետ… Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որն ուզում էի հասկանալ մեր զրույցից՝ հիասթափություն կա՞ իր մոտ, թե՞ ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու եւ բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը: Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում հավաքականի ավագն իր տեղում կլինի»,- ասել է Պաչաջյանը։

Հատկանշական է, որ շատերը փորձում են քողարկել Մխիթարյանի ու ֆեդերացիայի ղեկավար կազմի միջեւ եղած բավականին լուրջ տարաձայնությունները, որոնք, ի դեպ, այնպես չէ, որ նոր են սկսվել, փոխարենը պնդելով, թե Մխիթարյանի՝ հավաքական չհրավիրվելը ոչ թե կապված է ֆեդերացիայի ղեկավարության հետ, այլ պարզապես մարզիչն է այս անգամ այդպես նպատակահարմար գտել, դե՝ ընկերական հանդիպումներ են եւ այլն։ Սակայն ովքեր քիչ թե շատ ծանոթ են իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապարոսի աշխատաոճին, լավ են պատկերացնում, որ իսպանացու համար չկան ընկերական կամ պաշտոնական հանդիպումներ, երկուսն էլ նույն հարթության վրա են։ Ի դեպ, Կապարոսն իր վերջին հարցազրույցի ժամանակ անձամբ է հաստատել վերոնշյալը։ «Առաջիկա երկու հանդիպումները շատ կարեւոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարեւոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը եւ երկիրը»,- ասել է Կապարոսը։ Եվ հետո, եթե իրոք Կապարոսն է նման որոշում կայացրել, ենթադրենք, փորձելով ավելի շատ խաղաժամանակ տրամադրել երիտասարդներին, նոր «Մխիթարյաններին», ապա ինչո՞ւ է հավաքական հրավիրել, ասենք, նույն Գեւորգ Ղազարյանին, որը հավաքականում ոչ պակաս հնաբնակ է, քան Մխիթարյանը։

Երեկվա աղմկահարույց իրադարձությունը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու այն, ինչի մասին մենք բազմիցս ենք գրել։ Նրանք, ովքեր, չասենք՝ դեմ են, բայց, համենայնդեպս, կողմ չեն գործող իշխանություններին, այլեւս տեղ չունեն երկրում։ Վերջին օրինակներից է նաեւ Լեւոն Արոնյանի դեպքը, իսկ որ Մխիթարյանը որեւէ պատճառ չունի կողմ լինելու այս իշխանություններին, դա եւս փաստ է։ Այն, որ Մխիթարյանի մայրը դեմ է ՀՖՖ գործող ղեկավարությանը, դրա մասին եւս մամուլում մի շարք հրապարակումներ եղել են, բացի այս, նույն ֆեդերացիայի այս կազմի ջանքերով հայազգի աստղի մայրը դուրս էր մնացել ՀՖՖ գործկոմի կազմից, ինչից հետո, ի դեպ, Մխիթարյանը չէր միանում ազգային ընտրանու հավաքներին, բայց այն ժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Մխիթարյանն ինքն էր հավաքականին չմիանալու որոշում կայացրել՝ գուցե պահելով մոր «թասիբը»։ Հիմա, փաստացի, հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ դու չես հրաժարվում, մենք քեզնից կհրաժարվենք։ Ու ամենացավալին այն է, որ հրաժարվում են մեկի ծառայություններից, ով, չնայած տարիքին, Եվրոպայում լավագույններից մեկն է, գերարդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում Իտալիայի առաջնությունում, ավելին՝ Ա սերիայի վերջին տուրում խփած գոլով հաջորդ մրցաշրջանում «Ռոմային» եվրոգավաթներում հանդես գալու ուղեգիր է պարգեւում։

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: