
29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է տուժող կողմը։
Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին:
Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի մանրամասները «Փաստինֆո»-ին պատմեց սպանված կնոջ մայրը՝ Ժանետա Հարությունյանը։
«Աղջկաս դասընկերը, ում հետ դպրոցն ավարտելուց հետո որեւէ կապ չի եղել, կարծեմ՝ նա 10 տարի Հայաստանում չի էլ եղել, Հայաստան վերադառնալով եւ աղջկաս 1-2 անգամ պատահաբար հանդիպելով, մի օր իր 2 ընկերների հետ եկավ իմ աշխատավայր՝ խորհրդատվության։
Ասաց, թե ինքն Արցախում դեղորայքի մատակարարմամբ է զբաղվում եւ ուզում է Երեւանում էլ դեղատուն բացել, ես էլ, քանի որ դեղատան տնօրեն եմ, բացատրեցի, որ ըստ կարգի՝ պետք է լիցենզիա հանվի, եւ այլն, եւ այլն։
