
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում «հերքել է» մեր այսօր հրապարակած հոդվածը՝ իր եւ եղբոր ծառայության մասին:
Լեւոն Քոչարյանն իր էջում գրել է.
«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել:
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:
Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:
Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»:
Այս գրառման հետ նա նաեւ լուսանկար է հրապարակել.
Հիշեցնենք, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հաջողվել էր պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում:
Նրա եղբայրը՝ պահեստազորի սերժանտ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։
Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում:
Լեւոն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումն, ըստ էության, չի հերքում մեր հոդվածում վերը թվարկված փաստերը: