Ապրիլի 8- ին ԱՄՆ-ի Alex կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում հայերը հույզերի ու վայելքների գագաթնակետն էին ճաշակում: Պատանի երգիչ Գրիշա Ասատրյանը բարձր հարթակում էր` բեմական արտիստիկ կեցվածք, ջինջ ու աստվածատուր ձայն, ներքին կուլտուրա և հանդիսատեսին գրավելու շնորհ, այս ամենին գումարվել էր հայտնի երաժիշտների նվագախումբը, պարախումբն ու տեխնիկական սպասարկող անձնակազմ ` ամեն ինչ հանդիսատեսին գերագույն հաճույք պատճառելու համար:
Մինչ մենահամերգը Գրիշան Երևանում էր, «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի ղեկավար, երգիչ, երգահան Մխիթար Քեթցյանը ժողովրդական երգի գոհարները իրենց ամբողջ հնչերանգային հարստությամբ ուսուցանում էր իր սանին: Ժամեր տևող վոկալի դասեր, գրագետ խոսք, կատարողական փայլուն արվեստ: Նա մենահամերգին նաև ցուցադրեց բացառիկ լսողություն ունենալու կարողությունը: Ջութակահար Գրիշան երկու տարի առաջ արդեն իսկ մենահամերգով հանդես էր եկել Երևանում: Ջութակին տիրապետող պրոֆեսոր երաժիշտները արտահայտվել էին` հաստատելով, որ երեխան արվեստի այս ճյուղում նույնպես անգերազանցելի է: Մենահամերգի ավարտին հանդիսատեսը այն կրկնելու պահանջ է ներկայացրել: Երջանկահիշատակ Արամ Ասատրյանի հոգին կփառավորվեր տեսնելով Գրիշայի ելույթը աշխարհի գերհզոր երկրներից մեկում:
Արտաշ և Աննա Ասատրյանները իրենց որդուն այլևս հանձնել են հասարակությանը: Նա արդեն իսկ պատկանում է ժողովրդին և ունի առաքելություն` ժողովրդական, աշուղական, կոմպոզիտրական երգերը տարածելու աշխարհով մեկ:
Պատվաբեր էր, երբ Ամերիկան ներկայացնող պաշտոնյաները Գրիշա Ասատրյանին պարգևատրել և շնորհակալագրեր են հանձնել իրենց երկրում այդպիսի մշակութային իրադարձություն իրականացնելու համար: