«Կեսգիշերին առաջին հարկի պատուհանից դուրս եմ եկել ու գնացել ժամադրության». Հասմիկ Կարապետյանը՝ Սուրբ Սարգսի տոնը կարևորելու և նախկին ռոմանտիկը չլինելու մասին

Եթե Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերն աղի բլիթ եք կերել, բայց երազում ոչ ոք ձեզ համար ջուր չի բերել, նեղսրտել պետք է չէ, քանի որ երգչուհի Հասմիկ Կարապետյանի աղի բլիթ ուտելու փորձը ևս  անհաջող է եղել:

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր փորձի, ռոմանտիկ քայլերի և սիրո իր պատկերացումների մասին:

Հասմիկի խոսքով՝ մինչև ամուսնությունը մեկ անգամ աղի բլիթ է կերել, բայց ոչ ոքի չի տեսել: «Միայն ստամոքսի այրոցք և ջուր խմելու ցանկություն եմ ունեցել: Չգիտեմ ինչու՝ ես չեմ հավատում, որ կարող ես ապագա սիրելիիդ երազումդ տեսնել բլիթն ուտելուց հետո, բայց չեմ էլ բացառում: Ամեն դեպքում Սուրբ Սարգսի տոնը սիրում ենք, Շանթը Ամերիկայի Միացյալ Նահագներից է, բայց Վալենտինի տոնը չի ընունում, փոխարենն ընունում է հենց Սուրբ Սարգսի տոնը:

Հիշում եմ, որ մեր առաջին սիրո տոնին գնացել ենք Սուրբ Սարգիս եկեղեցի, իսկ հետո ընկերների հետ միասին ինչ-որ սրճարան՝ տոնը նշելու»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ ռոմանտիկ քայլեր են եղել իր կյանքում, Հասմիկը պատասխանեց. «Իմ կյանքում ռոմանտիկ քայլեր շատ են եղել: Ժամանակին, երբ դեռ ծնողներիս տանն էի ապրում, ձյան մեջ ինձ համար մոմերից սիրտ էին պատրաստել, գրել անունս, ծաղկեփունջ էին դրել այնտեղ հենց գիշերը:

Իսկ ես, էլի շատ տարիներ առաջ, կեսգիշերին առաջին հարկի պատուհանից դուրս եմ եկել ու գնացել ժամադրության և հետո նույն կերպ տուն եմ եկել: Դա տևեց ընդամենը 15 րոպե, բայց գնացի: Հիմա հաստատ նման քայլի չէի գնա»:

Ըստ երգչուհու՝ հիմա իր համար սիրո տոնն իր երեխաներն են: «Նախկին ռոմանտիկ, սիրո տոներին հետևող Հասմիկից ոչինչ չի մնացել, իրատես եմ դարձել: Լավ է, որ նման տոներ կան, հետևել պետք է, երիտասարդ զույգերին խորհուրդ կտամ այդ թրթիռը միշտ պահել: Երբ երեխաները ծնվում են, ամեն ինչ փոխվում է, կենցաղը շատ բան է հետ մղում, որոշ բաներ է միայն թողնում, բայց փորձում ենք ուրախանալ տոներին:

Գուցե իմ դեպքում է այդպես, որովհետև երեխաներիս միջև տարիքային տարբերությունը մեծ չէ, երկուսն էլ ունեն իմ ու ամուսնուս կարիքը»,- նշեց նա:

Անդրադառնալով սիրո զգացումին՝ Հասմիկը նկատեց, որ այն իր համար ունի փուլեր: «Առաջին երեք տարում սեր չկա, այլ սիրահարվածություն, հրապուրանք, չեմ կարծում՝ մարդիկ սիրում են և ամուսնանում: Իսկական սերն այն է, երբ մարդիկ միասին ծերանում են, ունենում թոռնիկներ: Սերը շատ մեծ ու բարդ նոյւթ է, շատ շերտեր ունի:

Ինձ համար այն կարմիր է, վտանգավոր, գայթակղիչ, բայց երբեմն նաև սպիտակ է: Սիրո մեջ նաև զոհողություններ են պետք, բայց երբ իրար սիրում են նորմալ, ինքնաբավ մարդիկ, այդ անձնազոհությունը չի կարող շատ լինել: Նորմալ մարդը սիրելի էակից շատ մեծ անձնազոհություն չի պահանջի: Եթե երկու հոգի միմյանց անշահախնդիր են սիրում, չեն փորձի միմյանց փոխել ու դաստիարակել անձնազոհության միջոցով»,- եզրափակեց երգչուհին:

Աղբյուր

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: