«Ագնեսա Շահնազարյանը բալիկին ունենալու հենց հաջորդ օրը շարունակել է նկարահանվել «Նռան հատիկ»-ի հերթական սերիայում: Ապրիլի 9-ին ծնվեց Ագնեսայի բալիկը, իսկ ապրիլի 10-ին՝ հիվանդանոցում, 16:00-ից մինչ կեսգիշեր նկարահանումներ ենք իրականացրել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սերիալի հեղինակ եւ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը:
Ավելին, քանի որ ըստ սցենարի Ագնեսայի հերոսուհին հղի էր եւ ֆիլմում եւս բալիկ ունեցավ, դերասանուհու եւ ստեղծագործական թիմի համատեղ որոշմամբ լույս աշխարհ գալու հենց հաջորդ օրը Ագնեսայի հերոսուհու որդու դերում նկարահանվել է հենց դերասանոււհու նորածին տղան: Փոքրիկի մասնակցությամբ առաջին կադրերը եթերում եղել է, առաջիկայում էլ նա մայրիկի հետ կլինի նկարահանման հրապարակում:
«Դեռեւս ամիսներ առաջ Ագնեսայի հետ եկել էինք այդ որոշման, որ իր բալիկը կնկարահանվի սերիալում: Ամեն ինչ վաղուց պայմանավորված եւ պլանավորված էր, այսինքն, որեւէ բան հանկարծակի չի եղել»,- հավելեց նա:
«Նռան հատիկ»-ում, Դիանայի խոսքով, ասես իրականությունն ու սցենարը միախառնվել է: Նկարահանվում էին երկու հղի դերասանուհիներ, որոնք իրական կյանքում եւս սպասում էին իրենց առաջնեկներին: Բայց, եթե Ագնեսան շարունակեց նկարահանվել, ապա Աննա Սիմոնյանը, ինչպես հեռուստասերիալում, այնպես էլ իրական կյանքում մեկնել է ԱՄՆ եւ նրա մասնակցությամբ կադրեր առաջիկայում չեն լինի:
Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե առաջիկայում ինչ է սպասվում «Նռան հատիկ»-ի հերոսներին, Դիանա Գրիգորյանը նշեց.
««Նռան հատիկը» հիմա ասես հասել է կարմիր նշաձողի այն կետին, երբ բուռն զարգացումներ եւ շրջադարձային իրավիճակներ են տեղի ունենում: Առջեւում սպասվում են փոփոխություններ, նոր դերասաններ: Շուտով արդեն Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը հանդես կգա Սոֆիայի պրոդյուսերի դերում: Այնպես որ, առաջիկայում լավագույն դերասաններով կհամալրվի մեր հեռուստասերիալը»: