Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին` Ռոբերտոն, վաղը կդառնա 1 տարեկան։ Այս առթիվ ծնողները հիշարժան նվեր են պատրաստել փոքրիկի համար` երգ ու տեսահոլովակ, որի առաջին մանրամասները վստահել են Tert.am Life–ին։
Գրիգորը պատմեց, որ սպասվում է հետաքրքիր տեսահոլովակ, որտեղ փոքրիկ Ռոբերտոյի մասնակցությունը շատ քիչ է։ Սյուժեի մտահղացումն Արամայիս Հայրապետյանինն է, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակը ցույց է տալիս, որ հոբելյարների երազանքներն իրականանում են։ Ըստ սյուժետային գծի` նկարահանվել են տարբեր տարիքային խմբի և տեսակի մարդիկ։ Նրանց թվում է եղել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ «Բոլորը վառ կերպարներն են, յուրաքանչյուրը ներկայանում է երկու կերպարով։ Երբ Ռաֆոյին ասացի, որ ցանկանում ենք ինքն էլ նկարահանվի, կես խոսքից համաձայնեց»,– ասաց Գրիգորն ու հավելեց, որ տեսահոլովակի մյուս հերոսներին մարմնավորում են իրենց ստուդիայի սաները, կան նաև 2 հրավիրված դերասան, ովքեր առանձնանում են իրենց տեսակով։ Եղբորը նվիրված տեսահոլովակում նկարահանվել է նաև Ալբերտոն։
«Happy birthday, ընկերս» կոչվող երգում ծնողները խաղարկել են երկու իմաստ, առաջինն այն է, որ իրենց որդին նաև իրենց ընկերն է, երկրորդը, թույլ տալ յուրաքանչյուրին երգը նվիրել իր ընկերոջը, հարազատին։
Երգի երաժշտությունը գրել է Գոռ Հակոբյանը, իսկ խոսքերն ունենալու համար ժամանակ է պահանջվել։ «Երկու հեղինակի դիմեցի, որ գրեն խոսքերը, սակայն մի քիչ իմ սրտով չէր, ես այլ բան էի ուզում։ Ի վերջո, որոշեցի ինքս գրել խոսքերը։ Կարծում եմ` արդարացված աշխատանք է. մի կողմից մենք օդում ծնունդ չենք շնորհավորում, այն ունի իր հասցեատերը, մյուս կողմից`յուրաքանչյուրը կարող է նվիրել իր հոբելյարին»,– նշեց դերասանը։
Նոր տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո Գրիգորն ու Հռիփսիմեն կսկսեն աշխատել հաջորդ երգի վրա։ Դերասանը հայտնեց, որոշել են օգտվել «Ֆուլ հաուսի» դադարից և ակտիվացնել երաժշտական գործունեությունը։ Հարցին, արդյոք փորձում են երգացանկ ստեղծել նաև խնջույքների համար, Գրիգորը պատասխանեց. «Ես հանդիսավարությամբ զբաղվում եմ։ Եթե մենք ունենանք ևս մի քանի երգ, դա կլրացնի իմ հանդիսավարությանը։ Սա ևս մեկ բոնուս է, կարող ենք 10 կամ 20 րոպե երաժշտական համար ունենալ։ Մենք հենց այնպես նոր երգ չենք ստեղծում։ Ես կարևորում եմ, որպեսզի երգ կատարելիս հասկանաս` ինչի մասին ես երգում։ Եթե, օրինակ, երեխայի մասին ես երգում, պիտի երեխա ունենաս, որ հասկանաս` իրականում դա ինչ զգացողություն է կամ կարող ես սերը լավ ներկայացնել, եթե գիտես` ինչ է սերը»։
Ռոբերտոյի 1–ամյակի առթիվ ծնողները խնջույք չեն կազմակերպել։ Դերասանը նկատեց, որ ծննդյան տարեդարձը նշելն ինքնանպատակ չպետք է լինի։ «Նման արարողություններ կազմակերպվում են, որպեսզի երեխաներն իրենց լավ զգան, սակայն Ռոբերտոն դեռ փոքր է և չի հասկանալու, որ դա իր օրն է, ի՞նչ իմաստ ունի խնջույք կազմակերպել։ Փոխարենը, եթե այս տեսահոլովակը դիտի, օրինակ, 10 տարի անց, կհասկանա, որ սա իր 1–ամյակին նվիրված աշխատանք էր»։
Թե ինչպես անցավ ժամանակն ու Ռոբերտոն դարձավ 1 տարեկան, ծնողները չնկատեցին, սակայն այս 1 տարում փոքրիկը հասցրել է ոգեշնչման աղբյուր լինել ընտանիքի համար։ «Ռոբերտոն շատ պոզիտիվ երեխա է։ Նամռոտ, պրոբլեմատիկ երեխա չէ։ Տեսահոլովակում իր մասնակցությամբ մի կադր է ներառված, բայց այնպիսի ժպիտ ունի, որ լիքը էներգիա է տալիս։ Մոնտաժի ժամանակ ամեն անգամ այդ մի կադրը տեսնելիս մեծ էներգիա ենք ստանում։ Շատ ուրախ երեխա է, միշտ ուզում է իր հետ խաղաս։ Նույնիսկ, երբ շատ հոգնած գալիս եմ տուն, միանգամից էներգիա է տալիս, կարծես լիցքավորվեմ»,– նշեց նա։