Մեկ ամիս առաջ սկսվեց ադրբեջանական կողմի հրետակոծությունն Արցախում և օրեր անց սկսվեց արցախհայերի բռնի տեղահանումն`իրենց մայր հողից ու տներից:
Շատ արցախցիներ այս պահին տեղավորվել են հյուրանոցներում, շատերը գյուղերում տներ են գտել, և այս օրերին մի քանի կազմակերպություններ`հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, օգնություն են ցուցաբերում արցախցիներին:
Այս ընթացքում մի քանի օր մայրաքաղաքում և մարզերում շարունակվում էին անհնազանդության ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի։ Հերթական ակցիաներից մեկի ընթացքում ոստիկանությունը բերման էր ենթարկել Լևոն Քոչարյանին և ինչպես երևում էր համացանցում տարածվող կադրերում նրան ծեծի են ենթարկել ոստիկանական մեքենայում, ինչի հետևանքով Լևոն Քոչարյանը գլխուղեղի ցնցում էր ստացել։
Սակայն միայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Լևոն Քոչարյանին ձերբակալել են:
Այս ամենից հետո Սիրուշոն այսօր գրառում է արել`նշելով, որ Լևոնի ձերբակալությունը միտումնավոր էր, քանի որ իրենց ընտամիքը խոչընդոտ էր հանդիսանում Արցախը հանձնելուն:
Երգչուհու գրառումը`ստորև
«Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի է ունեցել հակառակը։
Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։
Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։
Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։
Քանի տարի է ընտանիքի մասին ինչ կեղծ մեղադրանքներ ասես չեն տարածում. պատկերացնում ե՞ք, եթե իրականում ինչ որ բան լիներ, հիմա ինչ արած կլինեին, եթե ոստիկանին «հարվածելու» համար են էսպես անում։
Այս մասին էլի չէի խոսի, սա կմնար մեր ընտանեկան դժվարությունը, որը կհաղթահարեինք, ինչպես մնացածն ենք հաղթահարել, բայց ուզում եմ բարձրաձայնել ու ցույց տալ, որ սա մեծ խնդրի փոքր մասն է. հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ ու այն մարդկանց դեմ հանում, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել։
Բարեբախտաբար , այս դեպքում բոլորը տեսել են տեսանյութերը և գիտեն ճշմարտությունը։ Բայց պատկերացրեք, եթե տեսանյութը տեսած չլինեիք, հիմա հերթական անգամ հավատալու էիք հերթական ստի կամ առնվազն կասկած էիք ունենալու…»: