66 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ, ՆՄԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԴԵՌ ՉԷԻ ԱՐԺԱՆԱՑԵԼ

Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը Արմավիրի մարզից շախմատի 15 ուսուցիչ է մասնակցել։ Անցողիկ շեմը հաղթահարել է երեքը։ Շախմատի դպրոցում աշխատանքային հարուստ փորձ ունեցող, ապա 12 տարի դպրոցում շախմատ դասավանդող ուսուցիչներից մեկը, որի անունն ու դպրոցը չենք նշում՝ իր իսկ խնդրանքով, քննությունը չի անցել։ Ասում է՝ թեստերը բարդ էին։

«Մենք այդ ուղղությամբ չէինք պարապել, մեզ այլ գրականություն էր տրվել։ Շախմատ էլ չտվեցին, որ առաջադրանքը լուծեինք։ Մինչեւ 12 քայլ պետք է հաշվեինք՝ թերթիկի վրա։ Այնքան էի սեւեռվել թղթին, որ արքան ու զինվորներն աչքիս կարմիր էին երեւում։ Մինչեւ քննության մտնելն ասում էի՝ ի՞նչ պետք է լինի, որ չլուծեմ․ գիշեր-ցերեկ պարապել, 5 հազար խնդիր եմ լուծել, բայց արի ու տես՝ չանցա։ Իսկ տուն հասնելուն պես նստեցի շախմատի տախտակի առաջ ու բոլորը լուծեցի»,- պատմեց ուսուցիչը։

Իր անհաջողության մասին աշակերտները չգիտեն։ Ճիշտ չեն հասկանա։ Իսկ տնօրենը խնդրել է, որ չշտապի ազատման դիմում գրել, որովհետեւ լավ մասնագետ է․ աշակերտներն իրեն սիրում են, իրենից սովորում են, նրանց համար էլ հեշտ չի լինի սիրելի ուսուցչից բաժանվելը։

«Բարոյապես կոտրված եմ․ մի՞թե կարելի է ծուղակ պատրաստել ուսուցչի համար, սթրեսի ենթարկել, նսեմացնել։ 66 տարեկան եմ, նման վիրավորանքի դեռ չեմ արժանացել։ Ես բարձր միավորներով երեք տարվա լիզենզիա եմ բացել, բայց կամավոր ատեստավորումից կտրվել եմ։ Եթե կարող են այնպիսիներին բերել դպրոց, որ կարողանան ոչ միայն դասարան կառավարել, այլեւ պատվով կրել մանկավարժի կոչումը, թող բերեն։ Ես շախմատի ուսուցիչներ գիտեմ, որոնք նույնիսկ քայլերը չգիտեն, բայց անհրաժեշտ կրեդիտներ են հավաքել։ Վիրավորանքը սպանում է ինձ»։
Բարդ են եղել նաեւ մաթեմատիկայի խնդիրները։ Ուսուցիչը, ով նույնպես չի հաղթահարել անցողիկ շեմը, դժգոհում է ժամանակի սղությունից։ Ըստ նրա՝ եթե մի խնդրի լուծումը 30-40 րոպե է պահանջում, 3 ժամը բավարար չէ։ «Ճիշտ է՝ առաջադրանքները շատ էին խճճել, դժվարացրել, բայց իմ մեղքն էլ կար, որ ժամանակի մեջ չտեղավորվեցի։ Ես ի սկզբանե ասում էի․ 3 ժամը քիչ է՝ նման բարդության խնդիրներ լուծելու համար։ Անհանգստությունն ու լարվածությունն էլ մի կողմից էին խանգարում… Ի վերջո՝ հեշտ չէ 57 տարեկանում քննություն տալը»,- ասաց ուսուցիչը, ով հոգեբանորեն տրամադրվել է հրաժեշտ տալ դպրոցին։ Նա գյուղական դպրոցներից մեկում է աշխատում։ 35 տարի մաթեմատիկա է դասավանդել։ Նրա մարդկային ու մասնագիտական որակները բարձր են գնահատում թե՛ գործընկերները, թե՛ աշակերտները։ Թեեւ դպրոցի լավագույն մաթեմատիկայի ուսուցիչներից է, ստիպված է հեռանալ, որովհետեւ պահանջվող կրեդիտները չի հավաքել։

Նրա աշակերտները չգիտեն, որ իրենց ուսուցիչը ձախողել է կամավոր ատեստավորումը։ Չի էլ ուզում, որ իմանան, որովհետեւ սաներից շատերն իր տված գիտելիքներով սովորում են բուհերում։ «Իմ գնահատականն իմ աշխատանքի արդյունքն է եւ իմ աշակերտների ու գործընկերների սերը։ ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն չեն, որ պետք է գնահատեն իմ գիտելիքները։ Միակ բանը, որ իրենք անում են, ուսուցչին նվաստացնելն ու դպրոցը մասնագետներից մաքրելն է։ Դրա համար էլ դպրոցում մասնագետների սով է։ Առարկաներ կան, որ չեն դասավանդվում՝ իրենց «բարեփոխումների» հետեւանքով։ Ասենք՝ ես էլ գնացի, մյուսն էլ գնաց, ո՞վ է գալու՝ կրեդիտներ հավաքած ու դպրոցից կիլոմետրերով հեռու մե՞կը, որի համար երեխայի շահը ստորադասվելու է իր բարձր աշխատավարձին…»:

Զրուցեցինք նաեւ դպրոցներից մեկի նախկին տնօրեն՝ վաստակած հանգստի անցած Արահիտ Մանուկյանի հետ։ Ըստ նրա՝ կամավոր ատեստավորումը դպրոցի ու կրթության դեմ լավ թաքցված, հեռուն գնացող ծուղակ է եւ ուսուցչի համար՝ դաժան դատավճիռ։ «Մի անգամ կատակով ասացի՝ մեզ միայն տարրական դպրոց է պետք, մյուս աստիճանները կլինեն մասնավոր։ Չար կատակ ստացվեց»,- ասաց թոշակառու մանկավարժը։ Ըստ նրա՝ ցավալի է, երբ փորձառու, գիտակ, դասարանի շունչն ու ռիթմը զգացող ուսուցիչը չի հաղթահարում կամավոր ատեստավորման անցողիկ շեմը եւ ընդմիշտ հեռանում է դպրոցից։ Հարցնում է՝ իսկ ո՞վ է փոխարինելու նրան․ կրեդիտ հավաքած ոչ մանկավա՞րժը։ «ԿԳՄՍՆ-ում նստած մարդիկ չեն պատկերացնում, որ դպրոցից ու դասավանդումից հեռու մարդը, թեկուզ լավ ֆիզիկոս ու քիմիկոս լինի, հաջողություն չի ունենա, որովհետեւ ուսուցիչ չէ, հոգեբան չէ, նվիրյալ չէ»։

Արեգ Մարգարյան

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: