Փաշինյանի նոր հեղափոխական նախաձեռնությունը

1in.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակամրջի միջոցով մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը և հանդես է եկել հայտարարություններով, որոնք կարող են շրջադարձային լինել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների տեսանկյունից: Նա ասել է, թե մտադիր են վերացնել Սահմանադրությամբ նախատեսված այն արգելքները, որոնք արհեստականորեն կխոչընդոտնեն Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի պետական ապարատների կայացման գործում։ «Մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ, օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, որը վերջին չորս տարում հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ կարգավորումը չի արտահայտում հայ ժողովրդի ազգային ձգտումները․ «Կարծում ենք, որ այս սահմանափակումը ստեղծում է արհեստական խոչընդոտներ Սփյուռքի ներգրավվածության առումով»:

Գործող վարչապետն ասել է, թե իր կառավարությունը մտադիր է վերացնել այս արգելքը: Անշուշտ, թավշյա հեղափոխությունը համազգային կոնսոլիդացիայի մեծ հեռանկար է ստեղծել` օրակարգ բերելով համազգային կադրային ռեսուրսը օգտագործելու անհրաժեշտությունը: Մյուս կողմից պետք է գտնել Հայաստան-Սփյուռք համագործակցության այնպիսի բանաձևեր, որոնք, մի կողմից, կնպաստեն համազգային պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը, մյուս կողմից` կլինեն պակաս ռիսկային:

Փաշինյանի առաջարկը, անշուշտ, հետաքրքիր է, սակայն հուսանք, որ այն հապճեպ չի իրականացվի և կանցնի քաղաքական, մասնագիտական բազմաշերտ քննարկումների ընթացակարգով:

Հայաստանի կառավարությունը բարձրակարգ մասնագետների անհրաժեշտություն ունի, սակայն երկրի անվտանգության համար առնվազն ռիսկային է օտար երկրի քաղաքացիներին կառավարմանը մասնակից դարձնելը: Խորհրդարանական կառավարման պարագայում, եթե հանվի նախարարների քաղաքացիության սահմանադրական իմպերատիվ պահանջը, ապա տրամաբանական չի լինի այն պահպանել պատգամավորների համար: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների համար քաղաքացիության սահմանադրական դրույթի տոտալ չեղարկումը մեծացնում է ռիսկերը երկրի անվտանգության համար, ինչը նշանակում է, որ խնդիրը լուրջ քննարկումների և օպտիմալ լուծումների անհրաժեշտություն ունի:

Մյուս կողմից` եթե կառավարությունը, այսպես կոչված, բացում ենք սփյուռքահայերի առջև, որոշակի անհավասարություն է ստեղծվում հայաստանցիների համար, որոնք օբյեկտիվորեն զրկված են եղել արտերկրում բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունից: Հայաստանցիները ծանր պայմաններում ապրել, երկիր են պաշտպանել, արտերկիր մեկնածը պաշտոն ստանալու հնարավորություն է ստանում:

Խնդիրն իսկապես բարոյական կողմ ունի, բայց նաև իրավական, որովհետև Հայաստանի օրենսդրությունը, օրինակ, ուղղակի փոխկապակցում է բանակում ծառայությունը հետագայում պետական պաշտոն զբաղեցնելու հանգամանքին:

Նիկոլ Փաշինյանը թերևս հաշվի առել է այս ռիսկերը և կարծում ենք` իր հետաքրքիր առաջարկությունը բովանդակային քննարկումների առարկա կդարձնի` ձեռնպահ մնալով հապճեպ որոշումներ ընդունելու գայթակղությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями: