Ցինիկ քաղաքականություն. Փաշինյանի ինչի՞ն է պետք «ընդդիմադիր» խորհրդարանը

Որոշ փորձագետներ Հայաստանի վարչապետի գործողությունները ստույգ և ճիշտ են համարում, մյուսները հակառակ տեսակետն ունեն։

Նիկոլ Փաշինյանի սխալը կլինի, եթե Ազգային ժողովը մայիսից շուտ լուծարվի։ Sputnik Արմենիային այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արթուր Աթաևը։

Նրա խոսքով` թեև Հայաստանում ներքին գործընթացները կարող են ազդել արտաքին քաղաքականության վրա, այդուհանդերձ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հնչում Ռուսաստանից։

«Կարծում եմ, որ իրավիճակին ուշադրությամբ են հետևում։ Չէ՞ որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, և ներքաղաքական իրավիճակը, որպես կանոն, անդրադառնում է նաև պետության արտաքին ուղղվածության վրա», — ասաց Աթաևը։

Չնայած պաշտոնական դիրքորոշում չի հնչում, բայց քաղաքագետները մեծ ակտիվությամբ մեկնաբանում են իրավիճակը, հայտնում են և՛ իրենց, և՛ առանձին փորձագիտական հանրության տեսակետը։ Երկու բևեռային տեսակետ կա։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանը գործում է ճիշտ և հստակ։

«Նրանք ասում են, որ Փաշինյանը պետք է զինաթափի ՀՀԿ-ին։ Խորհրդարանը պետք է փաշինյանամետ դառնա։ Այդ առումով ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դեմ ուղղված գործողությունները տրամաբանական են», — ասաց Աթաևը։

Քաղաքագետը կարծում է, որ ընտրությունների անցկացման հարցում շտապել պետք չէ։ Նրա խոսքով` ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող խորհրդարանը կարող է վարչապետին «անգնահատելի ծառայություն» մատուցել։

Փորձագետի կարծիքով` պետք է հաշվի առնել, որ Փաշինյանի վարկանիշը, բնականաբար, կնվազի, քանի որ ցուցարարների սպասելիքը չափազանց մեծ է։

Աթաևը հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հսկայական աջակցությունն ու կատաստրոֆիկ անկումը։ Նման պայմաններում, ըստ նրա, ավելի ճիշտ կլինի, որ Փաշինյանը հետաձգի խորհրդարանը ցրելու գործընթացը։

«Փաշինյան կախարդական փայտիկ չունի, որպեսզի փոխի տնտեսությունը կամ քաղաքականությունն այնպես, որ այն բավարարի թիրախային լսարանին։ Ռազմավարական տեսանկյունից, եթե դատենք ցինիկ քաղաքագիտական առումով, ապա ավելի լավ է հետաձգել ԱԺ-ի ցրումը», — ասաց Աթաևը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ն հենց այնպես չի հանձնվի։ Նրանք կարող են հեռանալ խորհրդարանից, բայց կարող են համակարգից դուրս ընդդիմություն դառնալ և ամեն կերպ խոչընդոտել իշխանությունների աշխատանքը։

«Ավելի լավ է որոշ ժամանակ խորհրդարանին «վարժեցնել», հետո լուծարել», — ասաց Աթաևը։

Նրա կարծիքով` աշխատանքի ընթացքում Փաշինյանը խնդիրներ է ունենալու, և այդ դեպքում կլինի մի կառույց, որի վրա կկարողանա բարդել մեղավորությունը։ Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետներն ազատվելու են աշխատանքից։ Գործադիրի ղեկավարը հենց փողոցում կարդացել էր նրանց ազատման որոշումները։ Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, որից հետո ԱԺ-ի կողմից 2 անգամ անընդմեջ նոր վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն ցրվում է, ու նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս հարցի շուրջ, սակայն, ԱԺ ներկայիս մեծամասնության հետ Փաշինյանին դեռ չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել:

armeniasputnik.am

 

 

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: