ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ որդին՝ Աշոտը, շուտով զորակոչվելու է բանակ: Նրա որդին՝ Աշոտն էլ իր հերթին նշեց, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում:
Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում ապրող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներին,նրանց ծնողներին, կոչ անելով առաջիկա 10-15 օրվա ընթացքում վերադառնալ և ծառայել հայրենիքին:
«Ես սա ասում եմ որպես քաղաքացի և որպես վարչապետ, որը պատերազմի ժամանակ պետք է կատարի նաև գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,-ասաց նա՝ երիտասարդներին կոչ անելով վերադառնալ և ծառայել իր որդու հետ:
ՀՀ վարչապետը դիմեց նաև այն երիտասարդներին, որոնք առողջական վիճակի ոչ շատ լուրջ պատճառով կամ ծանոթ-բարեկամ կապերով են ազատվել զինվորական ծառայությունից, և կոչ արեց բուժվել ու առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել ծառայության: