Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի, մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցնում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնի Մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց դերասանից:

— Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, եւ վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել:

— Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է, ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ:

Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, շատ կարեւոր էր գտնվել ինձ համար Արցախում, եւ դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, եւ կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանը իմ ընկերն է, եւ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում:

— Որպես ընկեր ե՞ք պարոն Փաշինյանի հետ ուղղաթիռով գնացել:

— Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ եւ այնտեղ միգուցե եւ կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի, եւ պարզվեց, որ ուղղաթիռում մեկ տեղ կա, եւ առաջարկեցին՝ ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից միեւնույն է, ոչ պետական բենզինն էր ավել ծախսվելու, ոչ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս:

Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ շատ երեխաներ ուրախացան, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականցնում: Նաեւ առանձին զորամաս եմ այցելել, զրուցել եմ զինվորների հետ: Իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, որը միշտ անում եմ, ուղղակի այս անգամ տեսախցիկների առաջ եմ հայտնվել: Եթե ուղղաթիռում տեղ կար եւ առաջարկեցին, ի՞նչ անեի, միայնակ մեքենայով գնայի հետ գայի:

— Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք Մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

— Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես Մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է, առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ Մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում ես դա կփակեմ, եւ կուղարկեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը):

— Քաղաքական պաշտոն ցանկանո՞ւմ եք զբաղեցնել:

— Ոչ, չեմ ուզում, ոչ մի պաշտոն:
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: