Հայաստանի գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանն ասել է տեսակապով նրանց միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը եւ նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Խոսելով ՀՀ նոր ձեւավորված կառավարության գործունեության մասին` վարչապետը նշել է, որ դրա առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:
«Կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չենք ունենա, ամենակարեւորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»,- ասել է Փաշինյանը: