Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների. Հարությունյանը՝ Փաշինյանին

Ժամանակ օրաթերթը գրում է․

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրրողների հետ ճապազրույցում ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատրաստ են կառավարության հետ քննարկել արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, բայց այն պետք է տեղի ունենա ԱԺ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Սակայն, մենք մինչեւ հիմա որեւէ քննարկման հրավեր չենք ստացել: Մենք ողջունում ենք Փաշինյանի այն միտքը, որ պետք է ընտրություններն անցկացնենք մի քանի մեխանիզմներ փոփոխելով: Նա խոսում է մատնահետքերի մեկ միասնական համակարգի ներդրման մասին, ողջունում ենք»,- ասաց նա:

Հարությունյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, որ նոր կառավարությունը կողմ չէ ռեյտինգային ընտրակարգին, իսկ ՀՀԿ-ն այն համարում է լավագույն տարբերակը:

«Ինչ վերաբերվում է ռեյտինգային համակարգին, ապա մենք ասում ենք, որ սա շատ օգտակար է: Մենք պատրաստ ենք քննարկել նաեւ այս հարցը, թեեւ կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է Հայաստանի համար»,- նշեց նա:

ՀԺ-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այս ժամանակահատվածում գործող կառավարությանը համագործակցության մեսիջ հղելը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա արվում է նրա համար, քանի որ հասարակությունում թյուրիմացություն կար, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել ընտրությունները:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ն փոխում է իր դիրքորոշումը եւ ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների, Հարությունյանը պատասխանեց.

«Ոչ թե փոխում ենք դիրքորշումը, այլ պատրաստ ենք քննարկել արտահերթի հարցը: Ռեյտինգայինին՝ բաց ցուցակների մասով պատրաստ ենք քննարկել, ներկայացնել մեր փաստարկները, լսել հակափաստարկները: Որեւէ փակ, չքննարկվող հարց չկա: Միակ բանը, Փաշինյանին այն երկու սկզբուքնները, որ հայտարարել է, հույս ենք հայտնում, որ չեն նահանջելու»:

Понравилась статья? Поделиться с друзьями: