Մաքսազերծումը 4 ժամվա փոխարեն տևեց 4 րոպե

Lragir.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ սահմանին ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպումների ժամկետը պետք է 3-4 անգամ կրճատել: Գործարարներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել, որ մաքսազերծումը 4 ժամվա փոխարեն տևեց 4 րոպե:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այս օրերին գործարարներն իրենց գոհունակությունն են հայտնում այս գործընթացի վերաբերյալ:

«Շատ արագ են հիմա կատարվում ձևակերպումները: Բացի ձևակերպումներից, մաքսային մարմինները հիմք են ընդունում հաշիվ-ապրանքագիրը, որոնք ներկայացվում են:

Նախկինում շուկայական գին էին որոշում, հաշվարկներ էին անում, գործակից էին դնում: Եվ ստացվում էր, որ բերված ապրանքը կարող է շատ ավելի թանկ մաքսազերծվեր՝ իր բացասական հետեւանքներով: Այսինքն՝ քանի որ գինն ավելի թանկ էր հաշվարկվում, մարդիկ ավելի շատ հարկեր էին վճարում: Դա արվում էր և բյուջեն լցնելու համար, և անհավասար մրցակցություն ստեղծելու:

Նույն ոլորտի ներկրողների միջև տարբերություն էր դրվում, մեկի ապրանքը էժան էր լինում, մյուսինը՝ թանկ, այնպես էր արվում, որ մյուս ներկրողը հուսահատվեր, այլևս չբերեր ապրանք: Մենաշնորհի ձևերից մեկը հենց այս մեխանիզմն էր»,- Lragir.am-ին ասաց Գագիկ Մակարյանը:

Մասնագետի խոսքով՝ նախկին մեխանիզմով հենց սահմանի վրա ներկրողն արդեն հասկանում էր, որ իր բերած ապրանքը վաճառքի առումով մրցունակ չէ շուկայում:

Նախկինում մաքսային ոլորտում տարբեր գրասենյակների միջև ինֆորմացիա փոխանակելը կարող էր տևել ժամեր, անգամ օրեր: Համապատասխան աշխատակիցները ալարկոտությամբ էին աշխատում կամ էլ դիտավորյալ ձգձգում էին ժամկետը՝ ներկրողից գումար կորզելու համար:

Որոշ դեպքերում քաշքշուկը պայմանավորված էր մաքսային աշխատողների աշխատանքային ռեժիմի դրվածքի հետ:

 

«Հիմա, ես կարծում եմ, նոր հանձնարարությունները բերել են նրան, որ մաքսային ծառայողներն ավելի արագաշարժ ու պատասխանատու են դարձել, ձգտում են ավելորդ քաշքուկներ չստեղծել, որ չհայտնվեն պրոբլեմների մեջ: Երկրորդ, այն, ինչ իրենք անում էին, արդեն սկսել են ճիշտ կատարել:

Հաճախ այդ խոչընդոտները նաև իրենց պարտականություններն ուղղակի չկատարելու հետևանք էին: Դա բերում էր նրան, որ ընկերությունը կամ բրոքերը հարկադրված էր ինչ-որ բան վճարել, մանավանդ արագ փչացող ապրանքների դեպքում»,- ասաց նա:

Այս գործելաոճը, մասնագետի խոսքով, երկու դրական արդյունքի կբերի: Առաջինը, գործատուն ավելորդ ժամանակ չի ծախսի: «Տարիներ առաջ դուինգ բիզնեսով գործատուն տարեկան ծախսում էր մոտ 1036 ժամ, որպեսզի հաշվետվություններ գրեր, հերթեր կանգներ, ներկայացներ: Հետո այդ համակարգը աստիճանաբար բարելավվեց:

Դա թույլ տվեց Հայաստանը դուինգ բիզնեսով գար առաջ: Մաքսային ոլորտում բարեփոխում եղել էր, բայց բավարար չէր: Երկրորդ, եթե այսօր այդ մոնոպոլիայի մեխանիզմը դուրս է եկել, այսինքն՝ ապրանքների հատուկ թանկացումը չկա, մենաշնորհը հենց արմատներից սկսած կարող է վերանալ»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ մենաշնորհ թույլ չտալու համար պետք է նաև հետևել, որպեսզի սխալ ձևակերպումներ չարվեն, մեկ ապրանքի տակ այլ ապրանք չներմուծեն: Այդ մասով ևս, նրա խոսքով, հանձնարարականներ են տրված:

Մասնագետի խոսքով՝ եթե այս հանձնարարականները կատարվեն, Հայաստանը այս ոլորտում անգամ առաջ կանցնի հարևան Վրաստանից:

«Վրաստանում ի՞նչ արեցին, ուղղակի մի քանի ամիս կանգնում էին այդ ձևակերպման պատուհանների մոտ, հետևում էին, թե ինչքան է տևում, ինչն է խոչընդոտը, և այդ դաշտն անընդհատ բարելավում էին:

Հասցրեցին նրան, որ ամեն ինչ շատ արագ տեղի ունենար, ավտոմեքենաներն արդեն 15 րոպեում ձևակերպում էին: Մեզ մոտ էլ հիմա արդեն գրեթե այդպես է դարձել: Եթե այս տեմպերով առաջ շարժվենք, նույն Վրաստանից ավելի լավ համակարգ կունենանք»,- նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ կարևոր գործընթաց է նաև մաքսային ոորտում մասնագետների փոփոխությունն ու մասնագետների վերապատրաստումը: Մակարյանն ասաց, որ արդեն իսկ այդ գործընթացն սկսվել է, ինչը երաշխիք կտա, որ մարդիկ հին աշխատաոճով չեն աշխատի:

Понравилась статья? Поделиться с друзьями: