20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է: Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է:
«Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 … +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում՝ +22 … +23, լեռնային շրջաններում՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, այսինքն՝ նույնիսկ բարձրադիր մարզերում, որոնք ծովի մակերեւույթից 1800-2000 մ բարձրության վրա են, այսօր ցերեկային ժամերին դիտվել է +15 … +16 աստիճան: Նշված ջերմաստիճանները շեղված են, կլիմայական նորմայից բարձր են 8-10 աստիճանով»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է եւս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արեւային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում՝ մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +27 … +28 աստիճանի, նույնը՝ նաեւ Երեւանում: Այդ օրը օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի արդեն մոտ 12-15 աստիճանով»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է տեղումներին, վաղը՝ մարտի 21-ին, ցերեկը հանրապետությունում սպասվում է կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւ՝ 15-20 րոպե տեւողությամբ: Դրանից հետո դարձյալ կարճատեւ անձրեւներ կլինեն մարտի 24-ի երեկոյան եւ 25-ի գիշերը: Վաղը առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, դարձյալ առանձին շրջաններում, քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ արագությամբ, որը կպահպանվի մինչեւ ամսի 24-ը:
Օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց, որ եթե կանխատեսումներն արդարանան, եւ մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբեւիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը: «Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստիճան 2004 թվականին մարտի 5-ին: Դրանիցի հետո այլեւս չենք ունեցել այդպիսի ջերմաստիճան: Եթե +33 աստիճանը գրանցվի, ապա դա կհամարվի մեր հանրապետությունում մարտին երբեւիցե դիտված ամենատաք ջերմաստիճանը»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը: