Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի. Փաշինյան անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունը, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի:

«Ես ասել եմ, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Դրա համար, եթե անհրաժեշտ կլինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ հիմա կա՞ նման գործընթաց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ տեսակետն այդ կապակցությամբ արտահայտել եմ, եւ հիմա դրա վերաբերյալ դիրքորոշում պետք է ունենան իրավապահ մարմինները»:

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտությանն անդրադարձավ նաեւ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ունեցած ելույթում: Նա հայտարարեց, որ հանձնարարականներ է տվել իրավապահներին՝ մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար:

«Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ը բացահայտված չէ»,- ասաց վարչապետը: Վարչապետը նաեւ նկատեց, որ ոսկե տառերով է գրվելու այն իրավապահ համակարգի անունը, որը կբացահայտի այդ գործը, սպանությունների հեղինակներին։ Փաշինյանը հայտարարեց մարտի 1-ի գործը կրկին վերաբացելու մասին՝ շեշտելով, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: