Մայիսի վերջին կարեւոր իրադարձություններ են սպասվում

Մայիսի վերջին կարեւոր իրադարձություններ են տեղի ունենալու:

Մայիսի 31-ին Վրաստան է այցելելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նրա այցը Վրաստանն ու Ռուսաստանը փորձում են պայմանավորվել Աբխազիայով եւ Հարավային Օսիայով ճանապարհների բացման շուրջ: Մոսկվան կարող է որոշ զիջումների գնալ, որը կարծես թե պայմանավորված է «Հայաստանը չկորցնելու» խնդրով: Պատահական չէ, որ հենց այս օրերին է հայտնի դարձել Հայաստանին Տոռ մարտավարական զենիթա-հրթիռային համալիրի մատակարարման մասին:

Իրադարձություններն արդեն վաղուց դուրս են եկել Արեւմուտք-Ռուսաստան ավանդական դիմակայության շրջանակներից: Հայաստանի նոր կառավարությունը չի հայտարարում ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մեջ: Ամեն ինչ ավելի լայն է եւ տեղավորվում է «իրողությունները ճանաչելու» եւ նոր աշխարհակարգի հաստատման ամերիկյան քաղաքականությունում: Այդ աշխարհակարգը նոր դեր է նախատեսում Հայաստանի համար, եւ հիմա շատ բան կախված է Երեւանի ընտրությունից եւ փոփոխություններին ինքնիշխան քաղաքականությամբ պատասխանելու ունակությամբ:

Փոփոխությունները կարող են սրընթաց լինել: Մայիսի 30-ին Իսրայելի Կնեսետը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հարցն Իսրայելի խորհրդարանի քննարկմանն առաջին անգամ չի ներկայացվում, ամեն անգամ պատգամավորները հրաժարվում էին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններից:

Այս անգամ այլ իրավիճակ է եւ ոչ այն պատճառով, որ Իսրայելը որոշել է ընկերանալ հայերի հետ ընդդեմ Թուրքիայի: Կնեսետը ելնում է աշխարհքաղաքական նոր տրամաբանությունից, որում Թուրքիայի դերը փոխվել է: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ օրինագիծ է ընդունել, որով արգելվում է հավանություն տալ Թուրքիային ամերիկյան սպառազինության մատակարարումն առանց հատուկ զեկույցի: Կոնգրեսում հետաքրքրվում են, թե ռուսական С-400-ի գնումն ինչպես կազդի Թուրքիայի հետ համատեղ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների, F-16 կործանիչների, Patriot զենիթային համալիրների, CH-47 Chinook ծանր տրանսպորտային ուղղաթիռների եւ այլ տեխնիկայի օգտագործման վրա: Այսինքն, այդ պայմանագրերը կարող են վերանայվել, եւ Թուրքիային «կզինաթափեն»:

ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ հայտարարում է, որ պատրաստ է քննարկել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի շրջանակում 140 միլիոն դոլար տրամադրելու հարցը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նամակում: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս տարի առաջընթացի կհասնի «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներով», նշել է Պոմպեոն:

ԱՄՆ-ն ի՞նչ փոփոխություններ է սպասում Հայաստանից այս տարի: Ըստ երեւույթին, խոսքը միայն արտահերթ ընտրությունների ու ժողովրդավարական զարգացման մասին չէ: Խոսքը կարող է լինել Հայաստանի աշխարհքաղաքական քայլերի մասին: Կարեւոր է պարզել նաեւ, թե Հայաստանն ինչպես է վերաբերում նոր աշխարհակարգին եւ ինչ դերում է տեսնում իրեն: Երեւանը շարունակելու՞ է արտաքին քաղաքականություն վարել Մոսկվայի ուղեծրում, թե՞ պատրաստ է ինքնուրույն քայլեր ձեռնարկել:

Մայիսի 28-ին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա մասնակցելու է Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին: Չի բացառվում, որ ֆրանսիացի նախարարը բերի նաեւ Ֆրանսուա Մակրոնի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ համագործակցության անսպասելի առաջարկներ:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: