Հրանուշ Խառատյանի կոշտ արձագանքը՝ Արմեն Աշոտյանի ինքնախոստովանությանը

ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին: Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«…Դրսի՝ իմ նման հպատակ-քաղաքացու հայացքով իրականում ՀՀԿ-ի խնդիրներն սկսվել են իշխանության գալու պահից և կուլմինացիային են հասել այն ժամանակ, երբ այս կուսակցության կարկառուններն ու նրանց սպասարկող շարքայիններն այլևս ոչինչ չունեին ասելու, բացի «Լավ ենք արել, լավ ենք անում»-ից՝ սկսած ընտրությունների ընթացքից, ԱԺ-ն քրեա-օլիգարխիայով համալրելուց, տնտեսության ստվերայնացումից և կոռուպցիայից, քաղաքականության մենաշնորհայանացումից՝ վերջացրած «հաց չունեք՝ գաթա կերեք»-ով՝ նկատի ունենալով կարտոֆիլը:

…ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ նրանք Հայաստան երկիրը համարեցին իրենց մասնավոր սեփականությունը, իսկ Հայաստանի բնակչությունը՝ իրենց վասալներ կամ իրենց խանգարող մանրապճեղներ: Եվ միայն այս իրողություններն ամրագրելուն հաջորդեց «Լավ ենք արել, լավ ենք անում»-ը: »

Սա, կարելի է ասել, անձնական կամ կուսակցական ինքնազգացողությունն է՝ այսօրվա իրողությունների դիրքերից: Մեկ ամիս առաջ սա չէր ասվի:

«Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը հիմնադրեց կուսակցության միակ և անփոխարինելի դարձած հայրը՝ «ինչքան ուզենք՝ այդքան էլ կխփենք»-ով, կարծեմ 2012-ի ընտրություններին: Ապրիլի 10-մայիսի 4-ին տևած ՀՀԿ-ի քարոզարշավն աննախադեպ ցինիկ և անթաքույց արհամարական էր։ Ծեծ ու ջարդերով և լցոնումներով իրականացված «ընտորություններին» հաջորդած հանրային քննարկումներին ՀՀԿ-ի ներկայացուցիչների պահվածքը, բառապաշարը, ասելիքը՝ ծայր աստիճան գռեհիկ, արհամարհական, անդաստիարակ սեփականատիրոջ վերամբարձ ոճով: «Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը սկսեց իշխող դառնալ ՀՀ վերջին Սահմանադրությունն «անց կացնելուց» հետո, երբ ՀՀԿ-ն ինքն իրեն համարեց Հայաստանի իշխանության և քաղաքականության կուսակցական մենատերը:

Ես հավատում եմ այսօրվա իրողություններով թելադրված ոչ վաղ անցյալի ընկալման Արմեն Աշոտյանի անկեղծությանը՝ «Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը»: Բայց «Լավ ենք արել, լավ ենք անում» չէ իրականությունը, իրականությունը դա ասելուն հասցրած հանցանքների շարքն է: Եվ դա, անշուշտ, թերություն չէր, դա հանցանք էր, իշխանության բռնազավթման սահմանադրական հանցագործություն: Դրանից բխող մնացած հետևանքներով՝ հանցագործ իրավական ակտեր, հանցագործ տենդերներ, հանցագործ սոցիալական անհավասարակշռություն, հանցագործ ստվերային տնտեսություն, հանցագործ հետապնդումներ, հանցագործ դատավարություններ, հանցագործ կուսակցություն, հանցագործ իշխանություն: Կկարողնա՞ սա ընդունել ՀՀԿ-ն, թե՞ կսպասի, որ սա հաստատվի դատական կարգով՝ իր ընտրելիքն է:»

 

Понравилась статья? Поделиться с друзьями: