ԿԱՐՈՂ ԵՄ ԼՍԵԼ ՍՈՒՏՆ ՈՒ ԽՂՃԱԼ ՍՏՈՂԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ ԽԱԲԵԼ ՈՒ ԽԱԲՎԵԼ. ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄԸ

Հոկտեմբերի 27-ին, կյանքի 48-րդ տարում իր մահկանացուն կնքեց հեռուստալրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանը: Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ-ի հունիսի 30-ին Երևանում, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Տարբեր տարիներին աշխատել է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունում, Հ2 հեռուստաընկերությունում, եղել է տարբեր հեռուստածրագրերի հեղինակ և վարող։
2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

Կյանքի վերջին օրերին Գայանեն բավականին ակտիվ էր ֆեյսբուքյան հարթակում: Նա իր կյանքի վերջին օրերին գրել է.

Չեմ սիրում, երբ ստում են։ Որպես դաստիարակված մարդ կարող եմ լսել սուտն ու խղճալ ստողին, որ կարողանում է ինքն իրեն խաբել ու խաբվել։ Ես սուտն ու կեղծը ողնաշարով եմ զգում…
Չեմ սիրում անդաստիարակ մարդկանց։ Կասեք’ իրենք ինչ մեղավոր են, դաստիարակողն է թերացել։ Մեկ է’ չեմ սիրում, երբ սեփական չափը, գլխի փոքրիկ պարունակությունն ու չդաստիարակված լինելը սիրուն բանԾիկով ներկայացնում են, որպես կոմպլեքսներ չունեցող…
Չեմ սիրում, երբ խոհանոցը խառն է, մինչև չհավաքեմ, ճաշս չեմ եփի…
Չեմ սիրում անգրագետ բութերին, որ կարող են անվերջ խոսել ու էժանագին սերիալներից գողացած պարզունակ մտքեր ցիտել, ուզում եմ ասել այ անգրագետ բութևիչ կամ բութևնա, ավելի լավ է ոչինչ չասես, քան ասես ոչինչ….

Չեմ սիրում մեծամիտներին, ինքնահավաններին, եսակենտրոններին… իրենցից պետք է հեռու մնալ…շատ հեռու…Կռվարարներին,մուննաթը խոսելաձև դարձրածներին էլ չեմ սիրում…
Չեմ սիրում, երբ զանգում են դպրոցիս հեռախոսին ու ասում են՝ ներեցեք, դա Գայանե Փայտյան ԱՆՎԱՆ դպրոցի՞ց է,, Ասում եմ հա, իր անվան դպրոցից է, պղնձաձույլ կիսանդրին դրված է առջևում, աճյունն էլ ամփոփված է դպրոցի բակում…

Չեմ սիրում, երբ հասարակ, բայց կարևորագույն շնորհակալությունը ֆբ-ով են հայտնում…
Իսկ ով ես դու, և ինչ որ բան սիրում կամ ընդունում ե՞ս Այս հարցը տվեցինք չէ՞ ինձ… Ես եմ’ պարզ, շիտակ, վիրահատված աչքերով, առանց ձևականությունների,  չստենդավորած ու երբեմն անթույլատրելի պարզ, մաքուր սրտով… հա լիքը բզիկներ ունեմ։ Ինչ անեմ, որ դուք էլ բզիկավորներին կարող եք չսիրել… Ես պուպուշ ու «безабидный» բզիկավոր եմ:

Չգիտեմ, պառավում եմ, թե հուզական եմ դարձել, չեմ հիշում, մեկ էլ երբ եմ էսքան լացել էս օրվան էլ հասանք’ նախակրթարան: Գրել է Գայանե Փայտյանը սեպտեմբերի 1-ին, երբ առաջին անգամ նախակրթարան գնացին իր զույգ դուստրերը:

**

Փայտյանն իր ամուսնու՝ Էդուարդ Միհրանյանի ծննդյան օրը գրել է.

Կյանքս, ես քեզ ամեն օրվա 24 ժամերին էլ բարեմաղթում եմ հիմա միայն կասեմ’ Ծնունդդ շնորհավոր Էդոս, երկար ու առողջ ապրի, որ ես էլ ապրեմ:

**

Փայտյանը գրել է իր դուստրերի երկխոսությունը.

Էվա- Մամ, էն օրը, որ պատուհանից հարսանիք էինք նայում, ասեցիր «ձեզ էլ են գալու, հարսիկի շորեր հագցնեն տանեն» Էս մի ժամ ա սպասում եմ, չեն գալիս…
Էլլա- Էվաաա, գիժ ես, մամային պետքա տանեն, հետո նոր մեզ…

**

Ինքը չի թողնում, որ ես ընկճվեմ, ինքը հազար անգամ ինձ ոտքի է կանգնեցրել ու խոստացել է առողջ ու ամուր պահել երկար տարիներ…Իմ բժիշկն է՝ Հարություն Աթոյանը ու ես իրեն վստահում եմ…շատ եմ վստահում ու հավատում։ Չսիրածս օրերը իր հերթապահության օրերն են, երբ գիշերը կլինիկայում է լինում։ Իսկ երբ գիտեմ տանն է, ապահով եմ ու հանգիստ, որովհետեւ բան պատահի թե չէ, բավական է մեկ զանգ ու Հարութը բարձրանում է ընդամենը 6 հարկ ու էլ մեռնել չկա… Հա, ես Հարութի նման ամենահաս հարեւան ունեմ, որ ինձ համար եզակի բժիշկ է. նրա բոլոր խորհուրդները, նշանակումները, ցուցումները առանց մի վայրկյան կասկածելու պետք է անել։ Հարութին Էվան ու Էլլան էլ են շատ սիրում։ Ամեն հանդիպմանը ջերմագույն պաչիկներ ու գրկախառնություններ են, իրենք էլ են հասկանում, որ Հարութն անփոխարինելի է մեր ընտանիքի համար։ Երբ 2020 թվին covid-ն ինձ հասցրեց վերակենդանացման բաժանմունք, ուր ամեն 5 րոպեն մեկ մի 10 -ն անգամ գիտակցության կորուստ էի ունենում, Հարութի մի նախադասությունը փրկօղակ դարձավ’ դժվարն անցել ես, կհաղթենք…

Հա, իմ բժիշկը  շատ լավ մասնագետ է, ընտիր մարդ է, անփոխարինելի ընկեր ու հարևան է…

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: