Գործադիր իշխանությանը հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը պետք է կրճատել, աշխատանքային գործուղումներն էլ տուրիստական շրջագայությունների չվերածել։
Այս հարցերն այսօր քննարկվեցին ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 5 ավտոմեքենաներից 3-ից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էլ հրաժարվել է հատկացված 4 ավտոմեքենաներից 2-ից։
Միրզոյանն առաջարկեց բոլոր գերատեսչություններին հետևել այդ օրինակներին։
«Ես առաջարկում եմ բոլոր նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը և կանխել պետական միջոցների անտեղի վատնումը»,- ասաց նա։
Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանն էլ առաջարկեց վերանայել նաև աշխատանքային գործուղումների հարցը։
«Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք երբեմն վերածվում են տուրիստական շրջագայությունների»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց առաջարկների հետ, տվեց քննարկելու հանձնարարություն և կարևորեց, որ հարցերը քննարկվում են բաց ու հրապարակային ընթացակարգով` դռնբաց նիստում։
Փաշինյանը նաև հիշեցրեց` նոր կառավարությունն առաջիկայում պետք է վերանայի նաև կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին նախորդ կառավարության ընդունած օրենքը։