Aravot.am-ը գրում է.
ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց:
Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:
Ընդ որում, ծրագրից տեղեկանում ենք, որ գրեթե բոլոր երկրների նախարարները ելույթներ են ունեցել, բացի ՀՀ ԿԳ նախարարից, եւ Հայաստանը ոչ մի տեղ չի երեւացել:
Եվ սա այն դեպքում, երբ անգամ չլինելով ԵՄ անդամ երկիր՝ 2015-ին Հայաստանը կարողացել էր պատվով ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը եւ Երեւանում կազմակերպվել էր Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը:
Փարիզի կոնֆերանսից եւս մեկ ոչ բարենպաստ դրվագ. 2015 թվականի եզրափակիչ փաստաթղթի մեջ այն ժամանակվա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ դրույթ էր ներառվել՝ հակամարտության գոտիների ուսանողների և դասախոսներին Եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ այժմ ընդունված փարիզյան կոմյունիկեում այդ դրույթը ոչ միայն չի զարգացվել, այլեւ ընդհանրապես նման ձեւակերպում այնտեղ ներառված չէ:
Ինչ վերաբերում է 2015-ին Երեւանում գրանցած հաջողություններին, Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը փաստել էր, որ Հայաստանում հսկայական և գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, նաեւ նշել, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին:
Թեմայի վերաբերյալ կփորձենք ԿԳ նախարարից մեկնաբանություն ստանալ աշխատանքային շաբաթվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2018/05/25/959662/