«Թանկարժեք հաճախորդները»՝ բանտերում. հասարակությունը սպասում է ավելին

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերջին երկու օրերը շրջադարձային, պատմական նշանակություն ունեն Հայաստանի քաղաքական կյանքում: ԱԱԾ-ի, ոստիկանության հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ և բացահայտվում են կոռուպցիոն սխեմաներ, քաղաքացիների դեմ կատարված հանցագործություններ: Դեռ մի քանի շաբաթ առաջ անկարելի էր պատկերացնել, որ ճաղերի հետևում են հայտնվելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հավատարիմ հաշվապահը կամ բեսպրեդել գեներալ-օլիգարխ, Քեթրին Միհրան մականունով հայտնի Միհրան Պողոսյանի օգնականը:

Երկրում կտրուկ փոխվել են խաղի կանոնները, և ՀՀԿ գործիչներն արդեն ստիպված են ոչ թե քաղաքական հարթության վրա ընդդիմանալ նոր կառավարության դիրքորոշումներին, ծրագրերին, այլ ԱԱԾ-ում կամ ոստիկանությունում առերեսվել կասկածյալի, մեղադրյալի, մի խոսքով` հանցագործության մեջ մեղադրվողի իրենց կարգավիճակին:

Վահրամ Բաղդասարյանն երեկ ասում էր, թե ԱԱԾ-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, Միհրան Պողոսյանն ու Արմեն Աշոտյանը նույնիսկ ակնարկել են ՀՀԿ-ի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին: Իհարկե, նման պնդումները նույնիսկ ծիծաղելի են, եթե հիշենք նույնիսկ միայն այն փաստը, որ հեղափոխության հետևանքով գահընկեց արված Սերժ Սարգսյանն ոչ միայն բանտում չէ, այլ շարունակում է առոք-փառոք ապրել կառավարական առանձնատանը` Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ:

Երկրում գործ ունենք ոչ թե վենդետայի, այլ օրինականության վերականգնման բազմաշերտ գործընթացի հետ: Հենց սա է անհանգստացնում խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ին, որովհետև նրա ներկայացուցիչները դադարում են ընդդիմադիր ընկալվելուց, այլընտրանք մարմնավորելուց` բառի բուն իմաստով դառնալով ԱԱԾ և ոստիկանության «թանկարժեք հաճախորդներ», որոնց համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է «գոլդ» պատժաչափեր:

Խորհրդարանի մեծամասնության ցուցակն օբյեկտիվորեն դառնում է հակակոռուպցիոն պայքարի թիրախ, «սև ցուցակ», որին քաղաքական համարելը դժվար է լինելու անգամ պայմանականորեն:

ԱԱԾ յուրաքանչյուր նոր բացահայտում քաղաքական և բարոյական հարթությունների վրա ավելի է դելեգիտիմացնելու ՀՀԿ-ին` գործող խորհրդարանը վերածելով իրավապահ մարմինների հաճախորդների «պահեստային նստարանի»:

Քաղաքական այս շրջադարձը հրամայական է դարձնում արտահերթ ընտրությունների հնարավորինս արագ կազմակերպումը, որովհետև գործող խորհրդարանի գոյությունն ոչ միայն քաղաքական անոմալիայի դրսևորում է, այլ նաև` լուրջ խոչընդոտ հակառուպցիոն քաղաքականությանը` քրեաօլիգարխիայի շատ ներկայացուցիչներ պատգամավորական անձեռնմխելիության հետևանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: