Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մեղադրեց Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան մեջ:
Ըստ նրա` անգամ պատգամավորների միջնորդությունից հետո նրանց բաց թողեցին կալանքից չափազանց ուշ, երբ առողջական վիճակն այլևս չէր ներում և նա մահացավ:
Ա.Դավթյանը հայտարարեց, թե նախորդ քննարկման ժամանակ մանրամասն քննարկել են Արթուր Սարգսյանի դեպքը.
«Նա կալանքի տակ գտնվելու ժամանակ չի մահացել, նա բժշկական ցուցումով ենթարկվել է վիրահատության, դուրս է եկել, հետո մահացել: Հարուցված է քր. գործ, նախաքննության փուլում է»:
««Հաց բերողն» ազատ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն շատ ծանր վիճակում է եղել: Այո, նա հիվանդանոցում է մահացել, բայց շատ ծանր վիճակում էր: Եթե վերջին պահին ազատ եք արաձակել, գնացել, մահացել է, չի նշանակում, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու ձեր գերատեսչությունից»,- հակադարձեց Է.Մարուքյանը` կոչ անելով հիշել, թե իրենք երբ են գնացել գլխավոր դատախազի մոտ և երբ է Ա.Սարգսյանն ազատ արձակվել: