«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել». Օսիպյանը՝ Արսեն Թորոսյանին

Ժամանակ օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում չթույլատրված ժամի գրանցված հրավառության մասին հարցը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաեւ հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք է գործի:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները՝ խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն:

«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ «դեպքի վայրից»:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են եւ փախչում»: Վարչապետը նետեց, թե հասկանալի է, որ հրավառության առարկան այդպիսին է, վայրկյաններ է տեւում, սակայն սա խնդիր չպիտի լինի:

«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի եւ այլն… չպիտի լինի հրավառություն եւ վերջ; Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերի, դա այլ խնդիր: Տենց էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչեւ գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-զայրացավ Փաշինյանը :

Понравилась статья? Поделиться с друзьями: