ԵՊՀ-ն պատրաստակամություն հայտնել է դիմելու ԿԳՆ՝ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով

Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել  Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ.

«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր իր դիպլոմ ունենալ- չունենալու  այդքան աղմուկ բարձրացրած հարցին։

«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառության հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։)»,- ասել է Փաշինյանը։

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: