ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԶՎԻ, ՈՐ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԵՋ ԿԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ, ՈՐԵՒԷ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԻ․ ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում վերահաստատեց այն միտքը, որ արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են իրենց համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ իրենք պետք է լուծեն։ «Կառավարությունը բնականոն պետք է գործի, և կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է։ Ի վերջո, այդ արտահերթ ընտրություններում կառավարությունը նույնպես հանդես է գալու»,-ասաց վարչապետը։

Hraparak.am-ը հիշեցրեց, որ ԱԱԾ պետը շաբաթ օրը լրատվամիջոցների հետ հանդիպմանը խոստացել է կոռուպցիոն բացահայտումներ անել, 350 անձանց մասին է ակնարկել, որոնք չգիտեն, որ իրենց անուններով բիզենսներ են գրանցված և փաստացի հասկացրել է, որ վարչապետի «դաբրոն» ունի, որ ցանկացած ոք կպատժվի։ Ի՞նչ կոռուպցիոն բացհայատումների մասին է խոսքը, և արդյոք նրա հետ խոսե՞լ է, որ Արթուր Վանեցյանը, մինչ այդ լինելով ԱԱԾ պաշտոնյա, այդ կոռուպցիոն երևույթների մասին տեղյակ չի եղել։

Փաշինյանին նախ դուր չեկավ մեր կողմից արված «դաբրո» ձևակերպումը․ «Նախ ես խնդրում եմ՝ եկեք փորձենք հին բառապաշարից հրաժարվել՝ «դաբրո», և այլն, էդ կարգի բառերը, չեմ կարծում, թե հարիր են մեր ժամանակակից քաղաքական իրողություններին և կառավարության գործունեությանը»։

Ապա անդրադարձավ բուն հարցին՝ ասաց․ «Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ես կարծում եմ, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ մյուս բոլոր մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասված է»։

Բայց Փաշինյանը չհստակեցրեց՝ ինչ անունների մասին է խոսքը, թեև նշեց, որ ԱԱԾ տնօրենը զեկուցել է իրեն անուններ և ոչ միայն․ «Ամեն ինչ էլ զեկուցել է»։

Hraparak.am-ը նկատեց նաև, որ իր գործընկերների մեջ, որոնց հետ ինքն այսօր կառավարություն է կազմել՝ ԲՀԿ, ՀՅԴ, կան մարդիկ, որոնք օլիգարխներ են, և օդում կախված լուրեր են եղել, որ նրանք հարկեր են թաքցնում, կամ իրենց օբյեկտների գազի, լույսի կամ ջրի վարձերը նորմալ չեն վճարում։ Եթե ԱԱԾ-ն բացահայտի, որ նաև իր գործընկերների մեջ կան նման մարդիկ, ինքը պատրա՞ստ է անաչառ ձևով նրանց ևս պատասխանատվության ենթարկել։ «Եթե նույնիսկ պարզվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: