ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից, եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի իր վրա։ Այդ մասին պատգամավորն ասել է life.ru-ին տված հարցազրույցում։
«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Ըստ նրա՝ իշխանությունն «արդեն ժողովրդի ձեռքում է», և «դիմադրելը պարզապես անիմաստ է»։
Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին:
BBC-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու կերպով է վարվել և կատարել է փողոցային շարժման պահանջները:
«Կարծում եմ՝ նրա հրաժարականը գործող ժողովրդավարության հստակ ապացույց է: Այնպես չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ընթացող ամեն ցույց հանգեցնում է իշխանության հրաժարականին»,- ասել է Հովհաննես Նիկողոսյանը: