ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:
«Քիչ առաջ Արմեն Ամիրյանը իր հրաժարականի մասին հայտարարեց ցուցարարների մոտ: Լրացուցիչ տեղեկությունները՝ քիչ ավելի ուշ»,-ասաց մամուլի խոսնակը:
Նշենք, որ այսօր մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշում էին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ անում նախարարի պաշտոնակատարին միանալ իրենց:
Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 27-ին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր: