Սարդարապատի հուշահամալիրում ընթանում է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «Հաղթանակի դար» անունը կրող տոնական միջոցառումը։ Վարչապետ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ նախ ողջունեց զորահանդեսին մասնակցող զինվորական ստորաբաժանումներին, ծանոթացավ հրապարակ բերված զինտխնիկային, հետ հանդես եկավ ելույթով։ Նա իր ելույթում նախ անդրադարձավ Առաջին Հանրապետության կայացման պատմական նշանակությանը՝ ասելով որ հիմնադիր հայրեր Արամ Մանուկյանը, Մովսես Սիլիկյանը և Դանիել Բեկ-Փիրումյանը անօգուտ գործով չէին զբաղված և 2 տարի տևած այդ պետականությունը հիմք դարձավ Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծմանը։ Այնուհետև Փաշինյանը անդրադարձավ վերջին իրողություններին՝ ասելով որ ներկայումս բացառիկ շանս է ստեղծվել՝ դառնալու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացնողը․
«Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց 3-րդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, շավշյա ժողովրդական հեղափոխությամբ։ Ավ ահա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այսօր տոնում է Առաջին հանրապետության 100-ամյակը, և հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրում է իր քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն, երբ այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով։
Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի և ՀՀ քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ, Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի։
Մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ մեր ժողովրդի հազարամյա ցավերի դարմանողը, անփարատելի սքի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը, և ժամանակակից սերունդը՝ որպես Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի, Բաշ Ապարանի ու Սարդարապատի հերոսների ժառանգներ պարտավոր են ստանձնել և ստանձնում են պատմական այդ առաքելությունը»,- ասաց Փաշինյանը իր ելույթում