Ապրիլի 23-ի, դոնկիխոտության ու Սերվանտեսի մասին
Նիկոլենց արածը գրեթե բոլորին դոնկիխոտություն էր թվում։ Տարբերությունը մարդկանց վերաբերմունքի մեջ էր՝ մի մասը ցավով էր մտածում, թե այն դատապարտված է ձախողման, մի մասը քննադատում էր այս կամ այն չափով ազնիվ դիրքորոշմամբ, մնացածն էլ չարախնդում էին ու քլնգում, Նիկոլին համարում ոչնչություն, ցուցարարներին՝ անիմաստ ամբոխ, ամբողջ շարժումը՝ վտանգավոր։ Երբեմն ինձ թվում էր, թե իշխանությունները և շարժմանը թշնամաբար վերաբերվող որոշ քաղաքացիներ իրենց ներսում կատաղում էին (են), որ շարժումն անզեն ու խաղաղ է, ու դրա վրա կեղտ բռնել չի լինում։ Իհարկե, սխալներ, սադրանքներ ու մանրիկ «կեղտեր» եղան։ Բայց չհաջողվեց վարկաբեկել ու վիժեցնել շարժումը։ Այն մնաց անզեն ու խաղաղ, և դրանով նրա ուժն ու հմայքն է՛լ ավելի մեծացան։ Քլնգողներ իհարկե դեռ կան ու կլինեն։ Էդ հեչ։ Կարևորն այն է, որ ազնիվ քննադատողներ շատ լինեն։
Ինձ շատ դուր եկավ, որ գաղափարական, քաղաքական կամ այլ պատճառներով Նիկոլին հակակրող կամ ատող մարդկանցից շատերը շարժման կեսերին արդեն տեսան, որ այստեղ միայն Նիկոլի հարցը չի, մի կողմ թողեցին սուբյեկտիվ վերաբերմունքն ու հարեցին շարժմանը կամ գոնե մի կողմ դրեցին իրենց հակակրանքը։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Ինձ շատ դուր է գալիս, որ մարդիկ հիմա սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց և ամուր հայտարարում են, որ անցումային գործընթացից հետո դառնալու են խիստ ընդդիմադիր, որ նոր կառավարությունը չվերածվի հերթական վիշապի։ Ու այս ամենը դիտելով ես ավելի եմ համոզվում, որ հնարավոր է այս ամենն իսկապես տանի դեպի Լուսեղեն Հայաստան։ Մի գրամ անգամ չեմ հավատում էն վստահ գուշակություններին, թե մի քանի ամսից մարդիկ կարոտելու են Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը։ Եթե նույնիսկ հավատանք, թե Նիկոլ Փաշինյանը հերթական վիշապացու է, շարժման ամբողջ տրամաբանությունն ու լուսավորությունը և ներգրավված բազում մարդկանց ազնվությունը (որոնցից շատերին ես, ասել եմ ու էլի կասեմ, չե՛մ կասկածում) թույլ չեն տա, որ նա կամ նրա համախոհները նոր աղետալի իշխանություն ձևավորեն։ Մարդկանց մեջ լույս կա ու հավատ։ Արդար ու օրինապահ երկիր՝ իսկական քաղաքացիների ու պրոֆեսիոնալների երկիր ստեղծելու հնարավորության հավատ։ Այդ հավատն ավելի ուժեղ մեջք կլինի նաև, իհարկե, արտաքին թշնամու դեմ կռվում։ 2016-ին բոլորս լավ տեսանք, թե Հայաստանի բնակչությունն ինչպիսի ուժով ու համերաշխությամբ համախմբվեց թշնամուն հակահարված տալու։ Բա հիմա՜, էս լուսավոր ու հուժկու համախմբումը մեջքին ունենալու դեպքում ի՜նչ ուժով պիտի բռունցքվեն։ Մի՛ գրամ կասկած չունեմ։ Կեցցե՜ Հայաստանը՝ իր անքակտելի մաս Արցախով։
Հիմա կասեք՝ բա Սերվանտե՞սն ինչ կապ ունի։ Այն զավեշտական կապը, որ ապրիլի 23-ին շարժման դոնկիխոտության շղարշը վերջնականորեն պատռվեց, իսկ ապրիլի 23-ը Սերվանտեսի մահվան օրն է։ Համ էլ, ի դեպ, Շեքսպիրի։ Երկուսն էլ մահացել են նույն 1616 թվականի նույն օրը՝ ապրիլի 23-ին։