Մեծ ցավ ապրեցի, երբ պարզեցի, որ կոլեգաներս ծաղրել են իմ աղքատիկ տունը, էժան կոնֆետները․․․

Մի դեպք է ուղեղումս տպվել, որը ինձ հետ տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ։ Այդ օրվանից հյուրեր ընդունելու վերաբերյալ կարծիքս փոխվել է։ Այն ժամանակ դեռ նոր էր սկսվել ընտանեկան կյանքս, ու ես մեր բնակարանը կարգի բերելու հարցում ջանք չէի խնայում։ Տունը ամուսնուս տատիկին էր պատկանել, իսկ մեր բյուջեն խիստ սահմանափակ էր։ Այնուամենայնիվ կարողացանք կոսմետիկ վերանորոգում անել, մատչելի կահույք գնել։ Մեր առաջին համատեղ կացարանը տեսնելով՝ այնքան երջանիկ էի։

Մի օր կոլեգաներիցս մեկը անսպասելի եկավ մեր տուն։ Ինձանից մի քանի տարով մեծ կին էր։ Թեպետ առանց հրավերի էր, միևնույնն է, ջերմ ընդունեցի, թեյ հյուրասիրեցի՝ իմ սիրելի թխվածքաբլիթի ու կոնֆետի հետ միասին։

Սակայն հաջորդ օրը իմացա, որ կոլեգաներս սկսել են քննարկել իմ բնակարանը, հասարակ վերանորոգումը, նաև ժամանակակից ու թանկարժեք կահույքի, տեխնիկայի բացակայությունը։ Ցավոք, այնքան էլ հաճելի չէր նման բան լսելը։ Հատկապես ընկճվեցի, երբ նրանք ընդգծեցին իմ հյուրասիրած քաղցրավենիքի «էժանությունը»։

Հետագայում պարզվեց, որ այդ կոլեկտիվը հաճախ է զբաղվում նման բամբասանքներով․ դիմացինի ֆինանսական դրությունն ու անձնական կյանքը քննարկելը նրանց համար սովորական գործ է։ Քանի որ ես նորեկ էի, նրանք հատուկ էին իմ տուն ուղարկել այդ կնոջը։

Ի դեպ, ակամա սկսեցի հավատալ, որ ծաղիկները զգում են բացասական էներգետիկան, քանի որ կոլեգայիս գնալուց մի քանի օր հետո երկուսը չորացան։

Այդ օրվանից շատ բան է փոխվել։ Ես մի քանի անգամ փոխել եմ աշխատանքս, մենք ուրիշ տուն ենք տեղափոխվել, սկսել ենք ավելի շատ գումար վաստակել։

Բայց այն դեպքը խորը հետք է թողել իմ հոգում, ու հիմա մեծ զգուշությամբ եմ վերաբերվում իմ տուն՝ նոր մարդկանց թողնելուն։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: