Հրահանգավորում չի եղել. Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին

Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում՝ նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով հրահանգավորումների անցկացման և մասնակիցների անվտանգությունն ապահովող պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թվականի նոյեմբերի 11֊ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում: Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի համապատասխան պահանջները:

Մասնավորապես՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի /գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։

Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել։

Դրա հետևանքով 2022թ. մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում նավարկելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով փչովի ռետինե նավակը շրջվել է, ու այնտեղ գտնվող Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել է շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով մեխանիկական շնչահեղձությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: