Բոլոր բժիշկներն էլ խորհուրդ են տալիս անպայման առավոտյան նախաճաշել։ Սակայն այս պարագայում էլ հարց է առաջանում՝ ի՞նչ ուտել դատակ ստամոքսին։ Շատերն իրենց օրն սկսում են մեկ գավաթ սուրճով կամ թեյով կրուասանի կամ այլ թխվածքի հետ միասին, մինչդեռ ոմանք էլ նախաճաշին ուտում են ավելի մեծ քանակությամբ սնունդ՝ նրբերշիկներ, ձվածեղ կամ այլ ուտեստներ։
Իրականում չափազանց կարևոր է այն, թե արթնանալուց հետո առաջինն ինչ եք ուտում, և հենց այդ պատճառով սննդաբանները ներկայացրել են ցանկ, թե առավոտյան ինչ կարելի է ուտել, ինչ՝ ոչ։
Սկսենք «չի կարելի»-ներից
Սոված փորին խորհուրդ չի տրվում ուտել ցիտրուսային մրգեր, հում բանջարեղեն, ինչպես նաև յոգուրտ կամ քաղցրեղեն, այդ թվում՝ թխվածքներ, տորթեր, մաֆիններ և այլն։ Իհարկե, ցիտրուսային մրգերն ու հում բանջարեղենը շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն ոչ առավոտյան՝ դատարկ ստամոքսին։ Խուսափեք նաև սուրճ ըմպելուց․ օրվա մեջ դեռ ժամանակ կունենաք այդ կախարդական ըմպելիքն ըմպելու։
Այսքանից հետո միգուցե հարց առաջանա՝ այդ դեպքում ի՞նչ ուտել։ Ահա «կարելի»ուտելիքները։
Բոլոր սննդաբանները միաձայն պնդում են, որ նախաճաշին հավկիթ ուտելը շատ օգտակար է։ Դրանք հարուստ են պրոտեիններով և այլ նյութերով, որոնք լավացնում են նյութափոխանակությունը։ Ավելի քաղցր բա՞ն եք ցանկանում։ Կերեք ձմերուկ։ Քանի որ վարսակի փաթիլները ևս լավագույն նախաճաշերի ցանկում են, կարող եք ձմերուկի կտորներն ավելացնել վարսակի վրա և այդպես ուտել։ Համեղ տարբերակ է նաև հատապտուղների կամ մեղրի ավելացումը։
Իհարկե, կա նաև պատճառ, թե ինչու է խորհուրդ տրվում հենց այս սննդամթերքներն ուտել առավոտյան։ Բանն այն է, որ նշված ուտելիքներում առկա օգտակար նյութերը ձեզ հագեցած կպահեն երկար ժամանակ, բացի այդ՝ օրվա ընթացքում ձեզ ավելի ակտիվ ու թարմ կզգաք։