Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականն անելու է ամեն ինչ պատվով հանդես գալու համար:

«Թեպետ վերջին անգամ խաղացել եմ 10 օր առաջ, բայց պահպանել եմ մարզավիճակս: Այս մրցակիցների հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց նրանք փոփոխվել են, մենք էլ ենք փոխվել: Դեռ կհասցնենք ծանոթանալ»,-լրագրողների հետ բաց մարզումից հետո հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ սպասելի վերանշանակված Վարդան Մինասյանից՝ Մխիթարյանն ասաց. «Սպասելիքները մեծ են: Նա էլ շատ մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք և օգտագործենք այս միակ հնարավորությունը»:

Անդրադառնալով թիմի նորեկներին՝ ազգային ընտրանու ավագը փաստեց, որ մի քանի բառ է փոխանակել նորեկ Արարատի հետ և լավ տպավորություն ունի: «Շատ ժամանակ չի եղել նրանց հնարավորությունների և կարողություններին ծանոթանալու համար: Տեսել եմ մի քանի տեսանյութ, բայց դա ուրիշ է, նրա հետ խաղադաշտում շփումը՝ ուրիշ»,-փաստեց նա:

Մխիթարյանը խոսեց նաև 3 տարի անց կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանը հետ հետագա հաջող համագործակցության մասին. «Հույս ունեմ, որ կրկին համագործակցությունը Յուրա հետ կստացվի: Փորձելու ենք ամեն ինչ անել հավաքականին օգնելու համար»,-շեշտեց հայ ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: